14:45 | 30.10.23 | Նորություններ | 7556

ՔՈԱՖ-ը 10 մլն եվրո կստանա Սյունիքում կրթությունը վերափոխելու նպատակով

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրոպական ներդրումային բանկի միջոցով կստանա 10 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ Սյունիքի մարզում երկու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն հիմնելու նպատակով։

Հոկտեմբերի 25-ին Բրյուսելում ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը եւ Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թոմաս Օստրոսը ստորագրել են դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարությունը։

Այս համագործակցությունը հնարավորություն կտա Սյունիքի մարզի երեխաներին ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան արտադպրոցական կրթություն, մասնավորապես՝ Կապան եւ Գորիս համայնքներում կկառուցվի ոչ ֆորմալ կրթության եւ ուսուցիչների վերապատրաստման երկու գերժամանակակից ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն:

3-18 տարեկան ավելի քան 6,000 երեխա եւ երիտասարդ հնարավորություն կունենա ներգրավվել ամենատարբեր ուղղվածությամբ կրթական ծրագրերում, այդ թվում՝ օտար լեզուներ, ձեռներեցություն, ճարտարագիտություն, աթլետիկա։ Հասանելի կլինեն նաեւ սոցիալական եւ հոգեբանական անվճար ծառայություններ, միջազգային փորձագետների կողմից կանցկացվեն դասընթացներ:

«Սա Հայաստանի կրթության ոլորտում ԵՄ համապարփակ մոտեցման մի մասն է, որի շրջանակում վերջերս հատկացրել ենք 32 միլիոն եվրո՝ որպես բյուջետային աջակցություն կրթության ռազմավարության իրականացմանը»,- նշել է Հարեւանության եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը։
 
«Հավատարիմ մնալով որակի եւ նորարարության ամենաբարձր չափանիշներին՝ ՔՈԱՖ-ն իր ջանքերն ուղղում է հայ երիտասարդների համար հնարավոր լավագույն կրթության ապահովմանը»,- ասել է ՔՈԱՖ-ի գլոբալ գործադիր տնօրեն Արա Բարսամը։