12:25 | 26.10.23 | Նորություններ | 1771

Կապի օպերատորների վճարված հարկերն ավելացել են 20.8%-ով

ՀՀ կապի երեք օպերատոր Յուքոմը, Թիմ Տելեկոմ Արմենիան եւ Վիվա-ՄՏՍ-ը 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե են վճարել 29.26 մլրդ դրամի հարկ:

Այս ցուցանիշը 20.8%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վերջինների կողմից պետական բյուջե է վճարվել 24.22 մլրդ դրամի հարկ:

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն Վիվա-ՄՏՍ ապրանքանիշը ներկայացնող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունն է: Այն 2023թ. երրորդ եռամսյակի տվյալներով պետբյուջե է վճարել 12.65 մլրդ դրամի հարկ, ինչը 1.2%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2023թ. երրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցրել է 12-րդ տեղը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5-րդ տեղի փոխարեն:

Ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Յուքոմ» ընկերությունն է՝ 9.75 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերն ավելացել են 73.6%-ով, եւ այն ընդհանուր հարկատուների ցանկում 28-րդից դարձել է 18-րդը:

Խոշորագույն հարկատուների ցանկում երրորդը Թիմ Տելեկոմ Արմենիա ապրանքանիշը ներկայացնող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունն է (27-րդ տեղ 21-րդի փոխարեն), որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել 6.87 մլրդ դրամ հարկ, ինչը 12.4%-ով ավելի է 2022թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (160-րդ տեղ՝ 138-ի փոխարեն, 1.44 մլրդ դրամ, աճ՝ 7.6%):
 
Աննա Այվազյան