16:12 | 19.10.23 | Նորություններ | 7852
Հայաստանում գիտության զարգացմանն ուղղված ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) գործընկեր վեց բարձրագույն ուսումնական եւ գիտահետազոտական հաստատությունների հետ համագործակցության համաձայնագրեր է ստորագրել։
FAST-ի հեղինակած ADVANCE դրամաշնորհային ծրագիրը նպաստում է հայաստանյան եւ միջազգային գիտական համայնքի միջեւ կապերի ամրապնդմանն ու միջազգային մրցունակ հետազոտություններում տեղացի գիտնականների ներգրավմանը՝ արտասահմանյան գիտական ղեկավարների մասնակցության շնորհիվ։ Ծրագիրը միավորում է միջդիսցիպլինար գիտական ճյուղերն ու մասնագետներին մեկ հետազոտական նախագծի շուրջ։
«Գիտելիքն է յուրաքանչյուր ազգի ուժի, բարգավաճման ու ժամանակակից մնալու գրավականը։ Առաջընթացի համար մենք պետք է շարունակաբար լայնացնենք գիտելիքի եւ նորարարության սահմանները: Ահա թե ինչու է ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագիրն այդքան կարեւոր․ այն առաջատար մեխանիզմ է, որը կարող է օգնել մեր ազգին գիտության միջոցով գրանցել աննախադեպ հաջողություններ ապագա տարիներին»,- նշել է FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։
Սփյուռքահայ եւ օտարազգի ինը գիտնական ներկայում ղեկավարում է հետազոտական նախագծերը, որոնցում ընդգրկված է 60 տեղացի եւ միջազգային հետազոտող։ Նախագծերն իրականացվում են կենսատեխնոլոգիաների, մեքենայական ուսուցման, համակարգչային տեսողության, նյութագիտության, կենսաինֆորմատիկայի, դեղերի հայտնագործման, տվյալագիտության, ռադիոկենսաբանության, մաթեմատիկական վերլուծության ուղղություններով:
Ծրագրի շրջանակում նշանակալի դեր է հատկացվում համալսարանների ու գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցությանը: Նախագծերն իրականացվում են գործընկեր հաստատությունների՝ Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Լ․ Ա․ Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի եւ Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի մասնակցությամբ եւ օժանդակությամբ։
Երեւանի պետական համալսարանը ծրագրի առաջին գործընկեր բուհն է, որը նաեւ հանդես է գալիս որպես նախագծերի համաֆինանսավորող։ Համատեղ իրականացվող չորս նախագծից երկուսի դեպքում ԵՊՀ-ն հատկացրել է հիսուն տոկոսի չափով ֆինանսավորում։
«Մեքենայական ուսուցման ու կենսատեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող այդ նախագծերը նոր հնարավորություններ են բացում մեր գիտնականների առաջ՝ նրանց համար ապահովելով նորարարական ու միջազգայնորեն մրցունակ հետազոտություններ իրականացնելու եւ նոր ու կարեւոր արդյունքներ գրանցելու ոգեշնչող միջավայր: Իմ համոզմամբ բուհերի եւ գործարար ոլորտի ու մասնավոր այլ կազմակերպությունների սերտ համագործակցությունն է այն ճանապարհը, որը խթանելու է մեր երկրում կրթության ու գիտության զարգացումը»,- ասել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Մինչ օրս ծրագրի շրջանակում ներդրվել է 630,000 ԱՄՆ դոլար՝ ուղղված տեղացի հետազոտողների աշխատավարձերի, լաբորատոր օժանդակ նյութերի, գիտական ամսագրերում հոդվածներ հրապարակելու, միջազգային համաժողովներին մասնակցության, արտասահմանում համատեղ հետազոտական նախագծերում ընդգրկվելու, թիմերը ղեկավարող միջազգային գիտնականների ճամփորդական ծախսերի եւ դեպի Հայաստան այցելությունների, անհրաժեշտության դեպքում նաեւ արտոնագրի ծախսերի համար: Հետազոտական նախագծեր ղեկավարելուց զատ գիտական ղեկավարները Հայաստանում նաեւ անցկացնում են թեմատիկ դասախոսություններ, աշխատարաններ, որոնց մասնակիցների թիվն ավելի քան 550 է։