17:40 | 13.10.23 | Նորություններ | 2039

Կնքվել է հուշագիր՝ ուղղված «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աջակցմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ ուղղված «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աջակցմանը։

Հուշագիրն ստորագրվել է«Դիջիթեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում:

Հուշագրի նպատակն է հանրակրթական ուսումնական   հաստատություններում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գոյություն ունեցող ենթակառուցվածքների օգտագործումն ու դրա սերտ փոխկապակցումը դպրոցական ընդհանուր ծրագրին, «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն» եւ ԳՏՃՄ այլ առարկայական նոր չափորոշիչի արդյունավետ ներդրման անհրաժեշտությունը, Հայաստանի հանրակրթության համակարգում իրականացվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ոչ ֆորմալ կրթական ծրագրի ընդլայնումը:

«Հանրակրթական դպրոցներում ունենք ավելի քան 600 «Արմաթ» լաբորատորիա: Այս հուշագիրը հնարավորություն կտա ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնել եւ ավելի շատ երեխաների հնարավորություն կտրվի ներգրավվելու «Արմաթ» լաբորատորիաների խմբակներում: Վստահ ենք, որ արտադպորցական կրթության շրջանակում ստացած գիտելիքը նպաստելու է ֆորմալ կրթության մակարդակի բարձրացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

««Արմաթի» խմբավարները կվերապատրաստվեն, որպեսզի լրացնենք «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն» առարկաների ուսուցիչների բացը՝ առավել խորացնելու «Արմաթ»-դպրոց համակգործակցային կապը»,- ասել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Կողմերը նշել են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված խմբակավարներին հնարավորություն է տրվել աշխատելու այն դպրոցներում, որտեղ կադրային պակաս կա, իսկ երեխաները ցանկության դեպքում կարող են ներգրավվել խմբակներում: