16:40 | 04.10.23 | Նորություններ | 2408
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել է «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հայտը շարժական կապի տարածաշրջանային 097 կոդով «Ղարաբաղ տելեկոմի» առկա հեռախոսահամարների սպասարկումը Team Telecom Armenia-ին տրամադրելու մասին։
Այսպիսով, «Ղարաբաղ Տելեկոմի» բոլոր բաժանորդները կկարողանան օգտվել շարժական կապի բոլոր ծառայություններից`պահպանելով իրենց հեռախոսահամարները։
«Հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար կապ ունենալու կենսական անհրաժեշտությունը, «Ղարաբաղ Տելեկոմի» մեր գործընկերների հետ համագործակցելով՝ տեղահանության հենց սկզբից կարողացել ենք տրամադրել անվճար ինտերնետ եւ հեռախոսակապ: Այս ամբողջ ընթացքում նրանք միայն ցանցի փոփոխությամբ կարողացել են ստանալ լիարժեք կապ։ Այս որոշումը շատ կարեւոր քայլ է անվտանգային տեսանկյունից. այսպես մեր հայրենակիցները կշարունակեն կառավարել իրենց բանկային հաշիվները, սոցիալական ցանցերի էջերը, մեսենջերները եւ մյուս`տվյալների բազա պարունակող հավելվածները՝ զերծ մնալով տարատեսակ թվային հարձակումներից»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Team Telecom Armenia-ից տեղեկացնում են, որ արցախցիների համար հատուկ մշակված սակագնային փաթեթներից օգտվելու կամ առաջացած տեխնիկական խնդիրների դեպքում (SIM քարտերի արդիականացում եւ այլն) պետք է մոտենալ Team-ի ցանկացած մասնաճյուղ։