13:30 | 03.10.23 | Նորություններ | 2209

Թումոն բացել է իր 1-ին մասնաճյուղը Պորտուգալիայում

Պորտուգալիայի պատմական կենտրոններից մեկում՝ Կոիմբրայում, բացվել է առաջին Թումո կենտրոնը:

Կոիմբրա քաղաքի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների նոր կենտրոնը դարձել է դպրոցի 11-րդ մասնաճյուղը Հայաստանից դուրս։ Կենտրոնը քաղաքի համար խորհրդանշական հին փոստային շենքում է։

Թումո Կոիմբրան հնարավորություն կընձեռի 1500 երիտասարդի ստանալ անվճար կրթություն ութ հիմնական ուղղությամբ՝ 3D մոդելավորում, անիմացիա, խաղերի ստեղծում, ծրագրավորում, երաժշտություն, գրաֆիկական դիզայն, ֆիլմերի ստեղծում։ Կենտրոնը ուսանողների համար իր դռները կբացի 2023-ի երկրորդ եռամսյակում։
Այստեղ է գտնվում նաեւ Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկը։

Կոիմբրա քաղաքում 12-ից 18 տարեկան դեռահասների մոտ 25%-ը գրանցվել է Հայկական նորարարական դպրոցի մասնաճյուղ ընդունվելու համար։ Կենտրոնի բացմանը ներկա է եղել ավելի քան 400 ընտանիք։

Նշենք, որ վերջին հինգ տարվա ընթացքում Թումոն կենտրոններ է հիմնել Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ալբանիայում, Ուկրաինայում եւ այլ վայրերում։ Հաջորդ կենտրոնը կբացվի Լոս Անջելեսում`Կալիֆոռնիայի նահանգի ֆինանսավորմամբ եւ Լոս Անջելես քաղաքի հետ համագործակցությամբ։ 2023-ին ծրագիրը զգալիորեն կընդլայնի իր ցանցը Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Քննարկումներ են նաեւ ընթանում Իտալիայում կենտրոն բացելու շուրջ։