17:01 | 16.08.23 | Նորություններ | 3047
CaseKey 2023-ի եզրափակիչ անցած թիմերը ներկայացրել են Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) քեյսի վերաբերյալ իրենց առաջարկները։ Հաղթող LogX թիմի անդամներին CaseKey-ի կազմակերպիչները կտրամադրեն Team Telecom Armenia-ի բաժնետոմսեր։
Team Telecom-ից հայտնել են, որ մրցույթին մասնակցել է 22 թիմ, որից միայն 6-ին է հաջողվել հասնել եզրափակիչ։ Մասնակիցները լուծումներ առաջարկելու համար ունեցել են 72 ժամ։
Հաղթող թիմի առաջարկը վերաբերում է ամպային խաղերի շուկայում գործունեություն ծավալելուն։ Այս քայլի շնորհիվ ընկերության հաճախորդները կկարողանան թվային խաղերը խաղալ առանց համակարգիչը ծանրաբեռնելու եւ խաղային կոնսոլներ գնելու։
Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն, ժյուրիի անդամ Կարեն Շաբոյանը կարեւորել է նման խոշոր նախագծերում հաջողելու համար երիտասարդ մասնագետների ներգրավվածությունը.
«Այս քեյսը յուրահատուկ եւ, միեւնույն ժամանակ, բարդ էր իր բովանդակությամբ, քանի որ Հայաստանում IPO-ի դուրս եկած ընկերությունները քիչ են, իսկ տելեկոմ ոլորտում Team Telecom Armenia-ն առաջինն է։ Հաղթող թիմի առաջարկած լուծումները եւ՛ իրատեսական էին, եւ՛ կիրառելի։ Հետագայում մենք կունենանք ավելի խորքային քննարկումներ մասնակիցների առաջարկները կյանքի կոչելու համար»։
Մինչեւ CaseKey հիմնական մրցույթը ուսանողական թիմերը ողջ տարվա ընթացքում մասնակցում են թրեյնինգների եւ սովորում լուծել գործող բիզնեսների խնդիրներ:
Նախագծի հիմնադիր Արշակ Կարապետյանը նշել է, որ Team Telecom Armenia-ի կողմից առաջադրված քեյսն ունի ոչ միայն մրցութային եւ կրթական, այլեւ՝ ճիշտ բիզնես մշակույթ ներկայացնող նշանակություն, որը պետք է վարակիչ լինի Հայաստանի այլ բիզնեսների համար։