11:15 | 25.07.23 | Նորություններ | 1774

TikTok-ում ավելացվել է անսպասելի գործառույթ

Twitter-ն ու Meta-ի Threads-ն անսպասելի այլընտրանք ունեն. TikTok-ում նույնպես ավելացվել է տեքստային հրապարակումներ կատարելու ֆունկցիա։

Տեքստային ռեժիմում օգտատերերը կկարողանան մուտքագրել հաղորդագրություն, ավելացնել ձայներ, սթիքերներ, հեշթեգեր եւ այլ տարրեր: Սոցցանցում կարծում են, որ նման գրառումները դինամիկությամբ չեն զիջի ֆոտո եւ վիդեո բովանդակությանը։ Հաղորդագրության երկարությունը մինչեւ 1000 նիշ է, գրում է The Verge-ը:

Տեքստային գրառումները կարող են պահպանվել որպես սեւագրեր: Սա թույլ է տալիս օգտատերերին ապագայում վերադառնալ կիսատ թողած գրառումներին կամ պլանավորել մի շարք գրառումներ:

photo © TikTok



Գործառույթն օգտատերերին թույլ կտա կիսվել պատմություններով, բանաստեղծություններով, գրառումներով եւ այլ բովանդակությամբ, որը նախկինում հասանելի չէր TikTok-ում։

TikTok-ը գործարկել է տեքստային հրապարակումներ ստեղծելու հնարավորությունը՝ Twitter-ի ռեբրենդինգի եւ Threads ծառայության գործարկման ֆոնին: The Verge-ը նշել է, որ չնայած TikTok-ը չի դառնա հայտնի միկրոբլոգային հարթակների անմիջական անալոգը, ընկերությունը ճիշտ ժամանակ է ընտրել նման ձեւաչափ գործարկելու համար։