15:52 | 13.07.23 | Նորություններ | 1740

Google-ի Bard չաթբոտը նոր ֆունկցիաներով է համալրվել

Google-ը թարմացրել է Bard չաթբոտը. այն ճանաչում է պատկերները եւ կարող է ամրացնել երկխոսության դրվագները: Հասկանում է ավելի քան 40 լեզու՝ ներառյալ արաբերեն, չինարեն, գերմաներեն, հինդի եւ իսպաներեն:

Bard-ն արդեն աշխատում է նաեւ Եվրոպայում, որտեղ Google-ը նախկինում ստիպված էր հետաձգել գործարկումը տեղական կարգավորիչի հետ խնդիրների պատճառով։

Պրոդուկտի թարմացումների թվում է ձախ կողմի ընտրացանկում բոտի հետ երկխոսության դրվագներ ամրացնելու հնարավորությունը: Յուրաքանչյուրին կարելի է տալ իր անունը, որպեսզի հետագայում կարողանաք արագ գտնել անհրաժեշտ պատասխանները:

Bard-ը կճանաչի նկարը եւ կգտնի դրա մասին տեղեկատվություն Google Lens ծառայության միջոցով։ Եթե օգտատերը ցանկանում է ավելին իմանալ պատկերի մասին կամ գրել դրա նկարագրությունը, կարող է վերբեռնել այն չաթում:

Ապրիլին Google-ը հայտնել էր, որ Bard-ին սովորեցրել է գրել, բացատրել եւ կարգաբերել կոդ եւ աշխատել ծրագրավորման 20 լեզուներով՝ C ++, Go, Java, JavaScript, Python, Typescript եւ այլն: Այժմ Python-ով գրված կոդը հնարավոր է արտահանել բոտից դեպի Replit մշակման միջավայր։

Նոր թարմացմամբ օգտատերերը նաեւ հնարավորություն ունեն լսել բոտի պատասխանները. սա կօգնի ձեզ ստուգել անհայտ կամ օտար բառերի արտասանությունը, գնահատել բանաստեղծությունը կամ սցենարը:

Bard-ի պատասխաններն այժմ կարող են փոխվել «տոնով եւ ոճով»: Դրանք կարելի է ընտրել՝ օգտագործելով պատասխանի վերջում գտնվող կոճակը՝ «պարզ», «կարճ», «երկար», «մասնագիտական» կամ «խոսակցական»։

Նշենք, որ Google-ը թողարկել է արհեստական բանականությամբ աշխատող Bard չաթբոտն այս տարվա փետրվարին: