13:18 | 03.07.23 | Նորություններ | 1800

Հայաստանում ավիատիեզերական 1-ին մագիստրոսական ծրագիրն ընդունում է հայտեր

Մեկնարկել է «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական նոր կրթական ծրագրի ընդունելության մեկնարկը, որի շրջանակում մասնագիտական դասընթացները, լաբորատոր եւ հետազոտական աշխատանքները կանցկացվեն Ինժեներական քաղաքում։

Ավիատիեզերական գերժամանակակից տեխնոլոգիաներով հետաքրքրվողները, որոնք ցանկանում են ձեռք բերել առաջատար մասնագիտություն, իրականացնել արդիական նախագծեր եւ հետազոտություններ, գտնել աշխատանք ոլորտի ընկերություններում, կարող են դիմել այս ծրագրին:

Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանում ձեւավորել արդի մարտահրավերներին պատրաստ, գիտական եւ արտադրական, տեսական ու գործնական գիտելիքների հզոր պաշարով մասնագետների համայնք։ Ծրագրի մասնակիցների համար նախատեսված է կրթաթոշակ:

Հուլիսի 10-ին ԻՆժեներական քաղաքում կտրվի ծրագրի մեկնարկը, որի ընթացքում կներկայացվեն ծրագրի նպատակները, առաջնահերթությունները եւ այլ մանրամասներ:

Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել մինչեւ հուլիսի 7-ն այստեղ։  

Ծրագիրը մշակվել եւ իրականացվում է հետեւյալ կազմակերպությունների եւ կենտրոնների աջակցությամբ՝

•    Նեյշնլ Ինսթրումենթս Արմենիան (NI Armenia),
•    Ամերիկայի հայ գիտնականների եւ ինժեներների ասոցիացիան,
•    ԱՏԳ-ն (Advanced Technology Group),
•    Երեւան Աէրոսփեյս ինժեներինգը (Yerevan  Aerospace Engineering),
•    Հայկական աէրոտիեզերական գործակալությունը,
•    «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան։

Մագիստրոսական ծրագիրը ստեղծվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի (International Scientific-Educational Center of NAS RA), «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF)) եւ Ինժեներական ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ։