15:22 | 26.06.23 | Նորություններ | 1374

Երեւանում 1-ին անգամ անցկացվել է BSides կիբերանվտանգության ոչ ֆորմալ համաժողովը

Հունիսի 23-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբերանվտանգության նախաձեռնության շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կայացել է BSides Yerevan 2023 կիբերանվտանգության ոչ ֆորմալ համաժողովը։

BSides-ը լայն տարածում ունի աշխարհում․ այն անցկացվել է ավելի քան 60 երկրի 220 քաղաքում։ Մեր տարածաշրջանում այն առաջին անգամ էր։

Համաժողովի ընթացքում կիբերանվտանգության ոլորտի ավելի քան 10 մասնագետ հանդես է եկել հետաքրքիր զեկույցներով եւ պանելային քննարկումներով։ Արծարծվել են կիբերանվտանգությանն առնչվող բազմաթիվ թեմաներ՝ կիբերհարձակումների դրդապատճառները, անվտանգության տարբեր սպառնալիքները, էլեկտրոնային նամակագրությամբ փոխանցվող վտանգներ եւ այլն։

«Նմանատիպ ոչ ֆորմալ համաժողովները շատ կարեւոր են, քանի որ խթանում են գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ խրախուսում են կիբերանվտանգության ոլորտում մասնագիտական համայնքի ձեւավորմանը: Հուսով ենք, որ համաժողովը շարունակական բնույթ կունենա՝ տարեցտարի ավելացնելով խոսնակների եւ մասնակիցների քանակը, ինչը կնպաստի կիբերանվտանգության ոլորտի տարածմանը եւ զարգացմանը Հայաստանում»,- նշել է CyHub Armenia կիբերանվտանգության նախաձեռնության ղեկավար Մարի Բարսեղյանը։