16:07 | 16.06.23 | Նորություններ | 1699

«Կանայք տվյալագիտության մեջ» գիտաժողովը կհամախմբի ոլորտի կին մասնագետներին

Հունիսի 28-ին Գյումրիում կկայանա «Կանայք տվյալագիտության մեջ» միջազգային ամենամյա միջոցառումը, որն այս տարի կանցկացվի «Ստեղծագործական ճանաչողություն» խորագրի ներքո:

Միջոցառումը հնարավորություն է տալու մասնակից կանանց ծանոթանալու արհեստական բանականության հնարավոր կիրառությանն ապագայի աշխատաշուկայում` կարեւորելով այն աշխատանքային եւ ստեղծագործական գործընթացում:

«Արհեստական բանականությունը մի նոր հեղափոխական իրականություն է բերել ամբողջ աշխարհում: Իր հետ համընթաց քայլելն այսօր կարեւորագույն պայմաններից է բոլոր բնագավառներում: Արվեստում եւ թվային աշխարհում այն ընձեռում է ստեղծագործելու ֆանտաստիկ հնարավորություններ` անցում կատարելով դեպի նոր դարաշրջան:

Կին արվեստագետները հաճախ հատել են արվեստում ընդունելի համարվող սահմանները` ձեւավորելով նոր մշակութային նորմեր: Հենց այստեղ էլ կարեւորվում է արհեստական բանականության դերը` ստեղծագործական նոր հնարավորություններ բացահայտելու ճանապարհին»,- ասված է հաղորդագրությունում:

Միջոցառման ընթացքում կլինեն կին արվեստագետների` դասական, ինչպես նաեւ արհեստական բանականության կիրառմամբ ստեղծված աշխատանքների ցուցադրություններ, բանախոսություններ ու պանելային քննարկումներ, ինտերակտիվ սեմինարներ, ինչպես նաեւ ֆիլմարտադրության մեջ հաջողության հասած կին արվեստագետների ֆիլմերի ցուցադրություններ։

Գրանցվել հնարավոր է այստեղ, վերջնաժամկետը հունիսի 24-ն է։   

«Կանայք տվյալագիտության մեջ» ամենամյա միջոցառումը կազմակերպվում է Սթենֆորդի համալսարանի համանուն համաշխարհային համաժողովի շրջանակում: Նմանատիպ միջոցառումներ են անցկացվում աշխարհի 200-ից ավելի քաղաքում՝ տվյալագիտության ոլորտում կանանց էական դերակատարությունն ընդգծելու եւ կանանց կարողությունները հզորացնելու նպատակով:

Այս տարի Հայաստանում «Կանայք տվյալագիտության մեջ» միջոցառումը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը կազմակերպում եւ անցկացնում է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո, Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, ՍայՀաբ Հայաստան կիբերանվտանգության նախաձեռնության եւ «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի հիմնում» ծրագրի գործուն աջակցությամբ: