15:40 | 15.06.23 | Նորություններ | 1908

Երեւանի Ֆիզմաթ դպրոցը World's Best School Prizes մրցույթի թոփ 10-յակում է

Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը 2023 թվականի աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկն է ճանաչվել՝ ըստ աշխարհում ամենահեղինակավոր World's Best School Prizes մրցույթի։

World's Best School Prizes մրցույթին մասնակցում է ավելի քան հարյուր երկի դպրոց, սակայն Հայաստանը ներկայացվում է մրցույթում առաջին անգամ։ Նման հեղինակավոր մրցույթի Հայաստանը հնարավորություն է ստացել մասնակցել, երբ կրթության փորձագետ, Երիտասարդ գլոբալ առաջնորդ (2021 Young Global Leader) Սուրեն Ալոյանը 2022 թվականին համալրել է համաշխարհային World's Best School Prizes մրցույթի լավագույն դպրոցների ընտրության ժյուրիի կազմը։

Մրցույթը ներկայացնում է այն դպրոցների փորձառությունը, որոնք փոխում են հաջորդ սերնդի կյանքը եւ իրական փոփոխություն բերում իրենց երկրներին։ Աշխարհի լավագույն դպրոց մրցանակին արժանանում են այն դպրոցները, որոնց տնօրենները, ուսուցիչները ակադեմիական չափորոշիչների հետ մեկտեղ աշակերտների համար կարողացել են ապահովել որակյալ ուսուցում՝ հիմնված նորարական գաղափարների վրա։ Հաղթող դպրոցների անունները կհրապարակվեն հոկտեմբեր ամսին։ Մրցույթում կլինի 5 հիմնական հաղթող դպրոց, որոնցից յուրաքանչյուրը կստանա $50,000 դրամական պարգեւ։