09:08 | 12.06.23 | Նորություններ | 10445

62 աշակերտ ավարտել է Վանաձորի եւ Գյումրիի «Յանդեքսի» ծրագրավորման դպրոցը

Հունիսի 8-ին Վանաձորում եւ Գյումրիում «Յանդեքսի» ծրագրավորման դպրոցում կայացել է ավարտական միջոցառումը։

Ուսումը սկսած 76 ուսանողներից ավարտական վկայականներ են ստացել 62-ը։

Հայաստանում «Յանդեքսի» ծրագրավորման դպրոցը գործում է 2017 թվականից՝ Վանաձորի եւ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոններում։ Այս ընթացքում ծրագրի շրջանավարտ է դարձել 355 աշակերտ, որոնցից շատերը հաջողակ կարիերա են սկսել ՏՏ եւ հարակից ոլորտներում։

photo © «Յանդեքսի» ծրագրավորման դպրոց


2023/2024 ուսումնական տարվա ընդունելությունը կմեկնարկի 2023 թվականի սեպտեմբերի սկզբին։

Հայաստանում Yandex Go-ի տարածաշրջանային ղեկավար Բագրատ Եղիազարյանն ասել է, որ ««Յանդեքսի» ծրագրավորման դպրոցը ոչ թե զուտ գիտելիք է փոխանցում, այլ ներդրում է ունենում Հայաստանի՝ ՏՏ ոլորտում դիրքերի ամրապնդման ու առաջընթացի գործում»։

«Մեր երկիրն ունի տեխնոլոգիական առումով տարածաշրջանի առաջատարը լինելու բոլոր նախադրյալները, եւ մեր առաքելությունն է՝ նպաստել այդ կարգավիճակի հաստատմանը»,- ընդգծել է նա։

«Յանդեքսի» Ակադեմիայի տնօրեն Սերգեյ Բրաժնիկը Հայաստանում ծրագրավորման դպրոցն անվանել է «ՏՏ կրթության ոլորտում կարեւոր միջազգային նախագիծ»։

photo © «Յանդեքսի» ծրագրավորման դպրոց


«Գործընկերների հետ միասին ավագ դպրոցի աշակերտներին անվճար սովորեցնում ենք Python-ի ծրագրավորման հիմունքները եւ օգնում ենք նրանց կողմնոորոշվել ապագա կարիերայի հարցերում: Ուսումնական տարվա ընթացքում աշակերտները լուծում են բազմաթիվ կիրառական խնդիրներ. սովորում են կանխատեսումներ անել, Python-ի միջոցով վերլուծություն կատարել փորձառու ուսուցիչների ղեկավարությամբ եւ սկսում են տիրապետել տարբեր գործիքների՝ սեփական նախագծեր ստեղծելու համար»,- նշել է Սերգեյ Բրաժնիկը։

photo © «Յանդեքսի» ծրագրավորման դպրոց


Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում «Յանդեքս ծրագրավորման դպրոց Հայաստանում» ծրագրի համակարգող Եղիշե Սաֆարյանը կարծում է, որ «ծրագրի գլխավոր ձեռքբերումը Հայաստանի մարզերի երեխաների համար բարձրորակ տեխնոլոգիական կրթության հասանելիության ապահովումն է, ինչը շատ դեպքերում մեծ դեր է խաղում նրանց հետագա մասնագիտական կողմնորոշման գործում»։

photo © «Յանդեքսի» ծրագրավորման դպրոց


«Ծրագրի շնորհիվ աշակերտների մոտ ձեւավորվում եւ զարգանում է ալգորիթմիկ մտածողությունը, աճում է նրանց հետաքրքրությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտի հանդեպ։ Մեր դիտարկումներով՝ աշակերտների 60-70 տոկոսը, ովքեր իրենց հատկապես լավ են դրսեւորել ուսման ընթացքում, պատրաստվում են ուսումը շարունակել հենց ՏՏ ոլորտում»,- ասել է Եղիշե Սաֆարյանը։

«Յանդեքս» ծրագրավորման դպրոցը Հայաստանում կրթական նախագիծ է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր հետաքրքրված են ծրագրավորմամբ եւ ճշգրիտ գիտություններով: Նախագիծը թույլ է տալիս աշակերտներին ծանոթանալ Python լեզվին, գնահատել ՏՏ ոլորտի հնարավորությունները եւ կարիերայի հեռանկարները։

Կարդացեք նաեւ.

Նարեկի ճանապարհը՝ ռոբոտաշինության խմբակից մինչեւ «Յանդեքսի» դպրոց ու ՏՏ ոլորտ

«Յանդեքս»-ի դպրոցի շրջանավարտ Տիգրանը երազում է երկրների կառավարումը հանձնել ԱԲ-ին

Էդուարդի պատմությունը. Վանաձորի «Յանդեքսի» դպրոցից՝ ԵՊՀ եւ VOLO