12:09 | 24.05.23 | Նորություններ | 1546

Team Telecom Armenia-ի աջակցությամբ կայացել է SIOP Asia 2023 XV Congress-ը

Մայիսի 18-21-ը Team Telecom Armenia-ի աջակցությամբ Երեւանում կայացել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը (SIOP Asia 2023 XV Congress)։

Համաժողովի մասնակիցների թիվը գերազանցել է 500-ը․ մասնակցել են թե՛ Հայաստան ժամանած, թե՛ առցանց միացած մասնագետներ աշխարհի ամենատարբեր ծայրերից։

«Մեզ հաջողվեց միջազգային բժշկական հանրության շրջանում ճանաչելի դարձնել հայ տաղանդավոր բժիշկներին եւ բարձրացնել նրանց հեղինակությունը, ներկայացնել այն բժշկագիտական ներուժը, որ ունի Հայաստանն այս ոլորտում»,- նշել է Կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ամբիոնի վարիչ, Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գեւորգ Թամամյանը։

Բացման արարողության ընթացքում Մանկական ուռուցքաբան֊արյունաբան, ոսկրածուծի փոխպատվաստման համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ Լոուրենս Բ. Ֆոլկներին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում։

SIOP ASIA 2023 15-րդ համաժողովի շրջանակում «Մանկական ուռուցքաբանության ոլորտի կին առաջնորդները» մրցանակն այս տարի շնորհվել է Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ Մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Սարգսյանին եւ Կամբոջայում ճապոնական Heart մանկական բժշկական կենտրոնի մանկաբուժության տնօրեն Մարիկո Կակազուին:

Սիմպոզիումներ են անցկացվել` նվիրված ռեգիստրներին (Registry symposium), վիրահատական (Surgical Treatment symposium) ու ճառագայթային բուժմանը (Radiotherapy Symposium), քաղցկեղի վերապրածներին (Survivorship Symposium) ինչպես նաեւ քույրական գործին։