12:49 | 21.04.23 | Նորություններ | 3126

104 ստարտափ, $48 միլիոնի ներդրում. BAJ Accelerator-ն ընդունում է հայտեր

Մայիսի 14-ին կմեկնարկի BAJ Accelerator-ի 10-րդ վերապատրաստման ծրագիրը «Քիչ խոսակցություններ, շատ գործարքներ» կարգախոսով:

BAJ Accelerator միջազգային ծրագիրը հիմնադրել է երեք կազմակերպություն՝ նյույորքյան Orion Worldwide Innovations-ը, Baltic-American Chamber of Commerce-ը եւ Jacobs Technion-Cornell Institute at Cornell Tech համալսարանը:

«Նախորդ բոլոր ծրագրերին մասնակցել է 104 ստարտափ 19 երկրից, որոնցից 57-ը հայկական է: Նրանք թիմեր ունեն Հայաստանում կամ՝ հայազգի, հայկական ծագում ունեցող հիմնադիրներ, համահիմնադիրներ: Մենք ուրախ ենք, որ առավել ակտիվ են հայկական ստարտափները, դա նշանակում է նաեւ՝ ներդրումների զգալի մասն ուղղվում է դեպի Հայաստան է եւ բարենպաստ ազդեցություն ունենում մեր երկրի ստարտափ էկոհամակարգի վրա»,- նշել է ion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն Դիանա Արզումանյանը:

Վերջին երեք տարում հայկական ստարտափների համար ներգրավվել է $48 միլիոնի ներդրում: BAJ Accelerator վերապատրաստման միջազգային ծրագրի նախորդ խմբերի մասնակիցներ են 10xImmersive, Lucky Carrot, Text’nPayMe, Manot, Epicured եւ այլ ընկերություններ, որոնք հաջողությամբ ավարտելով աքսելերացիոն ծրագիրը՝ ներդրումների ներգրավման փուլում են:

BAJ Accelerator-ի 10-րդ խմբի վերապատրաստման ծրագրին կարելի է միանալ՝ լրացնելով առցանց հայտը, որը բաց կլինի մինչեւ մայիսի 1-ը:

«Դասընթացի ժամանակ հիմնադիրներն ու տնօրենները վերապատրաստվում են՝ ինչպես ներկայացնել իրենց pitch deck-ը, ինչպես ներկայանալ ներդրողներին, գտնել իրենց ստարտափների ուժեղ կողմերը, ստարտափը դարձնել ներդրումների ենթակա»,- ամփոփել է Դիանա Արզումանյանը:

Անցած տարի Երեւանում կայացած Orion Summit գագաթնաժողովի ընթացքում ներկայացվել են նաեւ BAJ Accelerator-ի մի շարք շրջանավարտների տեխնոլոգիական ձեռքբերումները: Orion Summit 2023-ն այս տարի տեղի կունենա Նյու Յորքում՝ «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» կարգախոսով: Գագաթնաժողովին մասնակցելու համար կարելի է գրանցվել այստեղ։