11:32 | 20.04.23 | Նորություններ | 2237
Visa Everywhere Initiative (VEI) համաշխարհային նորարարական ծրագիրը Հայաստանում գործող ֆինտեխ ստարտափներին հրավիրում է մասնակցելու իր 2023 թվականի բաց մրցույթին:
Մրցույթի շրջանակում ստարտափները պետք է ներկայացնեն ապագայի վճարային եւ կոմերցիոն խնդիրների լուծմանն ուղղված նորարարական լուծումներ։
Visa-ից հայտնել են, որ դրամական պարգեւներից զատ, VEI-ի հաղթողները կստանան բանկային, առեւտրի, վենչուրային կապիտալի եւ պետական հատվածներում Visa-ի գործընկերների հսկայական ցանցեր մուտք գործելու եւ ծանոթություններ հաստատելու հնարավորություն:
Նշվում է, որ VEI-ի CEMEA տարածաշրջանային մրցույթի շրջանակում այս տարի առաջին անգամ կշնորհվի ռիսկերի եւ անվտանգության ոլորտի համար նախատեսված «Fintechs Innovating in Risk Excellence» կամ «FIIRE» մրցանակը: Visa-ի եւ Emirates NBD-ի այս համատեղ հատուկ մրցանակին կարող են հավակնել խարդախությունների կառավարման, կիբերանվտանգության եւ վարկային ռիսկերի ուղղությամբ մասնագիտացած համաշխարհային ֆինտեխ խաղացողները։ Visa-ի եւ Emirates NBD-ի ներկայացուցիչների համատեղ գնահատումից հետո հաղթող ֆինտեխ ընկերությունը կստանա $25,000 մրցանակ եւ տարածաշրջանում առաջատար բանկ հանդիսացող Emirates NBD-ի հետ աշխատելու հնարավորություն։
Հայկական ստարտափների համար VEI մրցույթին դիմելու վերջնաժամկետը մայիսի 14-ն է։
Մանրամասները հասանելի են հղումով: