14:45 | 10.04.23 | Նորություններ | 1962

Tesla-ի աշխատակիցները տարածել են մեքենաներից ստացած անձնական տեսանյութեր

Tesla-ի աշխատակիցները տարածել են ավտոմեքենաների տեսախցիկներով տեսագրված մասնավոր տեսանյութեր, գրում է the Verge-ը՝ հղում կատարելով Reuters-ին:

Տեսանյութերը, որոնք տարածվել են Tesla-ի ներքին հաղորդագրությունների համակարգերի միջոցով 2019-ից մինչեւ 2022 թվականը, տեսագրվել են Tesla-ի մեքենաներում տեղադրված տեսախցիկներով, որոնք նախատեսված են ինքնակառավարման գործառույթների համար:

Ինչպես նկարագրում են Reuters-ի աղբյուրները, Tesla-ի աշխատակիցների կողմից տարածված տեսագրությունները ներառում են վթարներից եւ ճանապարհային պատահարների դեպքերից մինչեւ այնպիսի տեսարաններ, որտեղ մերկ տղամարդը մոտենում է մեքենային: Հաղորդվում է, որ որոշ աշխատակիցներ նույնիսկ մեմեր են ստեղծել՝ օգտագործելով տեսանյութերը եւ դրանցով կիսվել մասնավոր խմբային զրույցներում:

Tesla-ի նախկին աշխատակիցներից մեկը Reuters-ին պատմել է, որ որոշ տեսանյութեր կարող են նույնիսկ ձայնագրվել, երբ մեքենայի շարժիչն անջատած վիճակում է:

Tesla-ն 2019 թվականին գործարկել էր Sentry Mode-ը՝ այն ներկայացնելով որպես միջոց, որը վարորդներին զգուշացնում է կայանված իրենց մեքենաների շուրջ ցանկացած կասկածելի գործողության մասին: Tesla-ն թարմացրել է այս գործառույթը 2021-ին ու սկսել թույլ տալ վարորդներին օգտագործել մեքենաների տեսախցիկները՝ Tesla հավելվածից ուղիղ հեռարձակելու իրենց մեքենաների շրջակայքը:

Գործառույթի աջակցության էջում Tesla-ն ասում է, որ «Sentry Mode ձայնագրությունները մեզ չեն փոխանցվում»՝ միաժամանակ ավելացնելով, որ ուղիղ հեռարձակումները ծայրից ծայր ծածկագրված են, եւ ընկերությունը հասանելիություն չունի դրանց: