15:08 | 06.04.23 | Նորություններ | 8991

Orion Summit 2023-ին միացել են հեղինակավոր բանախոսներ

Հունիսին Նյու Յորքում կայանալիք Orion Summit 2023 գագաթնաժողովի մասնակիցների բանախոսներին է միացել Ֆինանսական կարգավորման խորհրդատու Ջեֆ Ինգբերը, որը բարձր պաշտոններ է զբաղեցրել Նյու Յորքի Federal Reserve բանկում, Citibank-ում, Դեպոզիտարիայի հավատարմագրային եւ քլիրինգի կորպորացիայում:

Ջեֆ Ինգբերն անհատական քննարկում կանցկացնի «Ինչու են ձախողվում ստարտափները» թեմայով:

New York համալսարանի Stern բիզնես դպրոցի Endless Frontier Labs-ի փոխտնօրեն Բեթ Իքսին կմիանա «Տեխնոլոգիաների եւ ֆինանսական ոլորտներում ներդրումների ու նորարարության առաջնահերթությունները» թեմայով պանելային քննարկմանը: New York համալսարանը լավագույնների վարկանիշում 39-րդն է, իսկ Endless Frontier Labs-ը համալսարանում ստարտափների մենտորության ծրագիր է իրականացնում:

Francisco Partners ներդրումային ընկերության Credit and Structured Solutions Group-ի տնօրեն Սեբուհ Նահաբեդյանն իր փորձը կկիսի «Թվային Ջուղա ցանցը՝ հանուն հայկական նորարարության, գիտության ու տնտեսության դիրքավորման նպատակի» պանելային քննարկման ընթացքում: Մինչ Francisco Partners-ին միանալը, Նահաբեդյանը եղել է Blackstone Insurance Solutions-ի գործադիր տնօրեն, ֆինանսների եւ գործառնությունների բաժնի ղեկավար, Blackstone Credit-ի գլխավոր տնօրենի տեղակալ:

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է՝ գագաթնաժողովին հանդես կգա 40-ից ավելի հեղինակավոր բանախոս՝ հայաստանյան ու միջազգային առաջատար կազմակերպություններից, ներառյալ՝ ֆինանսական, տեխնոլոգիական, կրթական եւ այլ ընկերություններից:

Orion Summit 2023 գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 19-22-ին՝ Նյու Յորքում, «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով: Գագաթնաժողովի պաշտոնական կայքը պարբերաբար համալրվում է միջոցառման օրակարգի, գործընկերների, բանախոսների մասին տեղեկատվությամբ: Կայքի միջոցով հնարավոր է նաեւ գրանցվել նյույորքյան գագաթնաժողովին մասնակցելու համար:

Orion Summit 2023-ը կտեւի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը եւ այցելություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական, տեխնոլոգիական ընկերություններ, համալսարաններ, վենչուրային ֆոնդեր, ընտանեկան գրասենյակներ, հանդիպումներ ու քննարկումներ նորարարությունների եւ ներդրումների մասին: