18:03 | 31.03.23 | Հարցազրույցներ | exclusive 41995

Հենրի Արսլանյան. Պետք է օգտագործենք մեր գաղտնի «զենքը»՝ հայ կանանց

Հենրի Արսլանյանը Nine Blocks Capital Management-ի համահիմնադիրն ու կառավարիչ գործընկերն է: Այն ինստիտուցիոնալ մակարդակի հեջ-ֆոնդ է՝ կենտրոնացած բացառապես թվային ակտիվների վրա չեզոք կրիպտո ֆոնդով:

Հենրին նախկինում եղել է PwC-ի գործընկեր եւ համաշխարհային կրիպտո առաջնորդ: Այդ պաշտոնում նա խորհրդատվություն է տրամադրել աշխարհի բազմաթիվ առաջատար կրիպտո բորսաներին, ներդրողներին, ֆինանսական հաստատություններին եւ տեխնոլոգիական ընկերություններին, ինչպես նաեւ բազմաթիվ կառավարությունների, կարգավորող մարմինների եւ կենտրոնական բանկերի՝ կրիպտոյի կարգավորման եւ ռազմավարության հարցերում:

LinkedIn-ի կողմից նա ճանաչվել է ֆինանսների ոլորտում 2022 թվականի լավագույն գլոբալ ձայներից մեկն ու CryptoCapsules™ սոցիալական մեդիայի տեսանյութերի շարքի, ինչպես նաեւ «The Future of Money» փոդքասթի հաղորդավարն է:

Հենրի Արսլանյանի հետ iTel.am-ը զրուցել է Հայաստանում բլոկչեյնի հնարավորությունների ու ապագայի մասին։

-Դուք բազմիցս եղել եք Հայաստանում, ինչպիսի՞ն է բլոկչեյն տեխնոլոգիայի հնարավորությունն այստեղ: Ի՞նչ զարգացումներ կան ոլորտում։

-Բլոկչեյնի եւ կրիպտոարժույթների փոփոխություններն ամբողջ աշխարհում պատմական են: Մենք ապրում ենք ժամանակաշրջանում, որը գրքերում կհիշատակվի որպես հեղափոխական` ֆինանսների ու փողի ոլորտում։

Հայաստանի համար սա հսկայական հնարավորություններ է ստեղծում. այստեղ մի քանի համաշխարհային առաջատար կրիպտո ընկերություն կա արդեն՝ չնայած անորոշ քաղաքականությանն ու կարգավորումներին։ Օրինակ՝ Fastex-ը. կասկած չկա, որ այն լինելու է համաշխարհային առաջատարներից մեկը: ACX-ը նույնպես համաշխարհային առաջատար է, երբ խոսքը վերաբերում է կրիպտո-հաճախորդներին աջակցություն տրամադրելուն: Նույնը կարելի է ասել FunDay-ի մասին, որը թվային մարքեթինգային առաջատար գործակալություն է՝ մասնագիտացած թվային ակտիվների մեջ:

Արդեն պարզ է, որ Հայաստանն ունի համաշխարհային առաջատարներով ինդուստրիա: Ես, իսկապես, հավատում եմ, որ գալիք տարիներին սա կարող է հսկայական հնարավորություններ տալ Հայաստանին, տարածաշրջանին եւ աշխարհին:

-Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ բլոկչեյնը ոչ միայն ֆինտեխ, այլեւ այլ ոլորտներում: Ինչպե՞ս կարելի է այն կիրառել։

-Բլոկչեյն տեխնոլոգիան հսկայական հնարավորություններ է տալիս տարբեր ոլորտներում: Դրանցից մեկն ավելորդ միջնորդներից ազատվելն է։ Օրինակ, այսօր, երբ ուզում եմ Երեւանում տուն կամ բնակարան գնել, պետք է գնամ նոտարի մոտ, որպեսզի իմ գնած հողամասի սեփականությունը հաստատեմ։ Ցավոք, հատկապես վերջին երկու տասնամյակում հաճախ ենք ականատես եղել որոշ կոռուպցիոն երեւույթների կամ երբ մարդիկ կեղծ հիփոթեք են վերցրել։ Այս ամենն անհնար է բլոկչեյն տեխնոլոգիայի դեպքում, երբ իմ հողի սեփականությունը դառնում է NFT: Այսինքն՝ այն ավելի թափանցիկ եւ արդյունավետ է դարձնում գործընթացները, ինչը ձեռնտու է ոչ միայն երկրին, այլեւ՝ մարդկանց։

-Աստիճանաբար ավելի շատ մարդ է տարվում կրիպտոարժույթներով, NFT-ներով: Դրանք անվտանգության սպառնալիքների տեսանկյունից խոցելի՞ են:

-Կրիպտոարժույթներն ազգային անվտանգության սպառնալիք չեն։ Ավելին, դրանք ազգային կատալիզատոր ու խթանիչ են: Ֆինանսների ապագան կերտվում է մեր աչքի առաջ։ Այն երկրները, որոնք ճկուն են, նորարար եւ կարող են օգտվել այս հնարավորությունից, հսկայական քայլ կանեն դեպի ապագա, ինչպես ինտերնետը 90-ականների կեսերին էր: Շահել են այն երկրները, որոնք կարողացել են ընդունել թվային առաջնային մոտեցումները: Նույնը տեղի կունենա կրիպտոարժույթների դեպքում: Մարտահրավերներ, իհարկե, կլինեն, ինչպես ցանկացած նոր տեխնոլոգիայի դեպքում:

Հենրի Արսլանյանը Հենրի Արսլանյանը
photo © Digitec


Երբ խոսքը վերաբերում է թվային ակտիվներին, միշտ կան դրական ու բացասական կողմեր: Դրանցից մեկը կայուն կրիպտոարժույթների (stablecoins) օգտագործումն է: Ցանկացած երկրի համար միշտ վտանգ կա, որ եթե մարդիկ չվստահեն տեղական արժույթին, նրանք կսկսեն օգտագործել կայուն կրիպտոարժույթները որպես դոլար: Նման բան տեղի է ունենում Թուրքիայում:

Նաեւ, երբ հիպերինֆլյացիայի պատճառով մարդիկ չեն վստահում Կենտրոնական բանկին եւ կա stablecoin-ների լայն կիրառություն: Դա արդեն տեղի է ունենում Արգենտինայում, որտեղ գրեթե ողջ բնակչությունը շահագործում է դրանք։

Կարծում եմ՝ ցանկացած Կենտրոնական բանկի համար միշտ ռիսկ կա, ուստի, եթե նրանք լավ աշխատանք չկատարեն, մարդիկ կարող են օգտագործել թվային արժույթ:

-Ո՞րն է աշխարհում բլոկչեյնի միտումների ապագան:

-Blockchain-ը եւ թվային ակտիվները երկար են մնալու: Հարցն այն է՝ դրանք կհաղթե՞ն, թե՞ կպարտվեն։ Սա վերաբերում է երկրի, մարդկային կամ մասնագիտական մակարդակներին: Ճիշտ այնպես, ինչպես արհեստական ինտելեկտը կփոխարինի աշխատատեղերը, նաեւ կստեղծի նորերը: Նույնը տեղի կունենա բլոկչեյնի ակտիվների դեպքում։ Նոր հնարավորություններ կստեղծվեն: Կարծում եմ՝ բոլորս արտոնված ենք, որ կարող ենք ոչ միայն տեսնել այն, այլեւ պոտենցիալ դեր ունենալ դրա ձեւավորման գործում:

-Ի՞նչ ծրագրեր եք այժմ իրականացնում Հայաստանում, ո՞ր նախագծերում եք ներգրավված։

-Պատերազմից հետո հասկացա, որ մեր երկիրը պետք է առաջ տանել նորագույն տեխնոլոգիաների ընդունմամբ եւ մտածելակերպի փոփոխությամբ:

Կառավարության եւ հասարակության շատ հատվածներ հիմնված են որոշ երկրների վրա, որոնք, գուցե, այնքան էլ առաջադեմ չեն շատ ոլորտներում: Հայաստանում աջակցել եմ ACX ընկերության հիմնադրմանը. այն համաշխարհային առաջատարն է կրիպտո հաճախորդների աջակցության եւ կրիպտո համայնքի կառավարման ոլորտում: Հայաստանում արդեն 100-ից ավելի աշխատակից ունենք, հաճախորդներ՝ ամբողջ աշխարհից:

Սա իրական տեխնոլոգիական նորարարության օրինակ է, որը փորձում ենք բերել Հայաստան՝ դարձնելով տեխնոլոգիապես առաջատար երկիր ու ազգ, որտեղ օգտագործում ենք նորարարությունը, հուզական ինտելեկտն ու տաղանդներին։

Հենրի Արսլանյանը Հենրի Արսլանյանը
photo © Digitec


Հայաստանը շատ մեծ տաղանդներ ունի, մասնավորապես, հայ կանայք։ Կարծում եմ՝ Հայաստանի գաղտնի «զենքը» կանայք են։ Նրանք ընդունակ են, կրթված, բազմաբնույթ առաջադրանքներ կատարող, նաեւ ապագայի ձգտումով: ACX-ում մեր ողջ ղեկավար կազմը կին է, բացի մեկից: Մենք պետք է օգտագործենք մեր գաղտնի «զենքերը»՝ հայերի ուղեղը, ստեղծարարությունն ու հայուհիներին:

-Հայաստանում աշխատելու փորձ ունեք, ի՞նչ դժվարությունների եք հանդիպում։

- Վերջին 20 տարվա ընթացքում ապրել եւ բիզնեսով եմ զբաղվել աշխարհի տարբեր երկրներում։ Հայաստանը բիզնես անելու համար հեշտ երկիր է՝ ընկերությունների ստեղծումից մինչեւ ամենօրյա գործունեության իրականացում: Ով ասում է, որ Հայաստանում դժվարություններ կան, չգիտի՝ ինչի մասին է խոսում: Ես եւ շատ ընկերություններ կողջունենք աշխատանքային ներգաղթը Հայաստանում: Օրինակ՝ ինչու չենք կարող աշխատողներ բերել Հնդկաստանից, հատկապես Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ հարաբերությունների վերջին բարելավումների լույսի ներքո։ Ցանկալի է, որ ավելի շատ օտարերկրյա աշխատողներ բերենք մարզային քաղաքներ ու դառնանք միջազգային կենտրոն:

-Սփյուռքի ներուժն ու ներգրավվածությունը կարո՞ղ է դեր խաղալ այս հարցում։

-Հայկական Սփյուռքը եւս մեկ գաղտնի «զենք» է։ Պետք է հստակ հասկանալ՝ Սփյուռքը միայն բարեգործության, սոցիալական նախագծերի համար չէ: Սփյուռքից Հայաստան մարդիկ պետք է գան ոչ թե, որ ցանկանում են օգնել կամ բարեգործություն անել, այլ կարծում են՝ Հայաստանը լավագույն վայրն է միջազգային բիզնես հիմնելու համար: Երկու տարի առաջ, երբ Հայաստանում հիմնեցինք ACX-ը, հավատում էինք, որ աշխարհում ճիշտ եւ լավագույն վայրն է բիզնեսի համար, որտեղ կարելի է օգտագործել մարդկային տաղանդը։

-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակներին, որ ցանկանում են առաջին քայլերն անել բլոկչեյնում, ինչպե՞ս սկսել:

-Դուք կարող եք սիրել բլոկչեյնը կամ ատել այն, կարող եք հավատալ կամ ոչ, բայց բոլորս բարոյական ու ինտելեկտուալ պարտք ունենք գոնե փորձել հասկանալ այն։

Այժմ թվային արժույթների մասին սովորելու հեշտ եղանակներ կան՝ առցանց դասընթացներ, գրքեր: Իմ միակ խորհուրդն է մարդկանց՝ այս հանգստյան օրերին 30 րոպե հատկացնել ու տեսանյութեր դիտել բլոկչեյնի մասին, կարդալ հոդվածներ, այնուհետեւ ինքնուրույն որոշել՝ հավատա՞լ, որ այն ֆինանսների ապագան է, թե՞ ոչ:

Հենրի Արսլանյանի հետ զրուցել է Նունե Գրիգորյանը