14:45 | 20.02.23 | Նորություններ | 947

Հայտնի են Artbox ստեղծարար ինկուբատորի դրամաշնորհի 10 հաղթողները

Փետրվարի 17-ին Creative Armenia-ն իր Artbox միջոցառման ընթացքում հայտարարել է Artbox ինկուբատորի սաղմնային դրամաշնորհի 10 հաղթողին, ինչպես նաեւ Artbox Entrepreneur ծրագրի 24 ընտրված մասնակցին:

12 շաբաթվա ընթացքում Artbox ինկուբատորի ստեղծարար թիմերը, որոնք ներկայացնում են նախագծեր թատրոնի, երաժշտության, դիզայնի եւ այլ ոլորտներում, սերտորեն աշխատել են ակնառու միջազգային եւ տեղացի մենտորների եւ խոսնակների հետ՝ զարգացնելով իրենց հմտությունները տարբեր ասպարեզներում՝ շուկայի վերլուծությունից եւ մարքեթինգային նախագծից մինչեւ ֆինանսական պլանավորում եւ իրավական նորմեր։
Հետեւյալ 10-ը ստացել է Artbox սաղմնային դրամաշնորհ՝

•    «Բեբուկ» թատրոն-ավտոբուսը, որը բեմադրում է տիկնիկային եւ ստվերային ինտերակտիվ ներկայացումներ երեխաների համար։
•    DASEIN անկախ եւ յուրօրինակ ամսագիրը՝ նվիրված արդի հայկական իրականությանը, մշակույթին եւ գեղագիտությանը։
•    DIARIES ստեղծարար գործակալությունը՝ նվիրված էլեկտրոնային երաժշտությանը եւ թվային արվեստին։
•    «Տուն Տուն Արթ Հաուս» կատարողական արվեստի համայնքային կենտրոնը։
•    Dk.tsk Live՝ յուրահատուկ ձայնագրման լեյբլը եւ երաժշտական կոլեկտիվը։
•    Maestro բջջային հավելվածը, որը երաժշտական կրթությունը զվարճալի է դարձնում։
•    «ՄանԲան» հրատարակչություն` hայկական մշակութային եւ գեղարվեստական ուղղություններն ու ժառանգությունը տարածող եւ դրանց օժանդակող մասնագիտացված անկախ հրատարակչությունը։
•    Pambak Games սեղանի խաղերը՝ ոգեշնչված հայկական ժողովրդական հեքիաթների եւ առասպելաբանության թեմաներից։
•    Rug Code առցանց խանութը, որը միջազգային գնորդներին կներկայացնի Հայաստանի գորգագործներին եւ նրանց արտադրանքը։
•    ToneLab ընկերությունը, որը միավորում է ռոք եւ այլ ժանրերի երաժշտական ուղղությունների ուսուցման եւ ստեղծման ամբողջ ցիկլը։

Փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում արվեստի տարբեր ոլորտներից ընտրված 24 տաղանդավոր արվեստագետ Creative Armenia-ի Artbox Entrepreneur-ի շրջանակում կսկսի իր ուղին։ 8-շաբաթյա կարիերայի խթանման գործընթացի ընթացքում այս արվեստագետները կհանդիպեն ակնառու մենտորների եւ մշակութային առաջնորդների՝ իրենց աշխատանքի շուրջ Artbox-ը կառուցելու։ Ծրագրի ավարտին հնարավորություն կունենան ստանալու 2,500 եվրոյի չափով Artbox դրամաշնորհ։

Artbox-ը Creative Armenia-ի հեղինակային ծրագիրն է։ Creative Armenia-ն առաջատար հիմնադրամ է ամբողջ հայության համար։ Artbox-ը իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ եւ ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ՝ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում։