14:53 | 26.01.23 | Նորություններ | 2096

ՀԱՊՀ-ում բացվել է տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիա

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ալգորիթմական լեզուների եւ ծրագրավորման ամբիոնում բացվել է տեխնիկապես հագեցած 7 լաբորատորիա: Դրանք ուսումնական գործընթացը կդարձնեն առավել արդյունավետ ու ժամանակին համընթաց։

Ծրագիրն իրականացնելու համար Պոլիտեխնիկական համալսարանը համագործակցել է Team Telecom Armenia-ի հետ։ Ընկերությունը նվիրաբերել է բարձր տեխնիկական պարամետրերով 200 համակարգիչ, որոնք ուսանողներին թույլ կտան օգտագործել նոր սարքավորումների հզորությունը կրթական գործընթացում, ավելի արագ ու ճշգրիտ կատարել մաթեմատիկական եւ այլ հաշվարկներ, աշխատել վերջին սերնդի ծրագրերով։

«Մենք այսօր բացում ենք 7 համակարգչային լսարան, որոնց Team-ը նվիրաբերել է երեքը մեկում 200 համակարգիչ։ Այսօրվա բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես, Ալգորիթմական լեզուների եւ ծրագրավորման ամբիոնի գործունեության համար, չափազանց կարեւոր է համակարգչային գույքը։ Նորաբաց լսարաններից օգտվելու են բուհի բոլոր ուսանողները, այդ թվում՝ Քոլեջի ուսանողները»,- ասել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, անդրադառնալով շրջանավարտ-համալսարան համագործակցությանը, նշել է, որ աշխարհի առաջատար կրթական հաստատություններից շատերի գործունեության շարունակականությունն ու զարգացումը ապահովվում է իրենց շրջանավարտների աջակցության շնորհիվ։
 «Սա մի այդպիսի փոքր քայլ է Պոլիտեխնիկական համալսարանին այն ամենի համար, ինչ տվել է ինձ եւ՛ որպես անհատ, եւ՛ որպես մասնագետ։ Ուրախ եմ, որ Team Telecom Armenia-ի աջակցության շնորհիվ այժմ ուսանողներն ունեն ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնիկական հնարավորություններով հագեցած լաբորատորիաներ եւ հուսով եմ, որ դրանք կօգտագործվեն իրենց ամբողջ ծավալով»,- ասել է նա։

Բացվելու է եւս 7-8 լսարան, որոնք նույնպես կահավորված են լինելու նոր համակարգիչներով։

Այս լաբորատորիաներում ուսումնական նյութի մատուցման ընթացքում դասախոսներն օգտագործում են «Teacher» ծրագիրը, որի միջոցով կարողանում են հետեւել եւ անհրաժեշտության դեպքում միջամտել ուսանողների աշխատանքին իրենց համակարգչից, իսկ մասնագիտական խմբերն օգտվում են առցանց ծառայություններից եւ նոր տեխնոլոգիաներից: