10:49 | 29.12.22 | Նորություններ | 12482

Վիվա-ՄՏՍ. Արմավիրի մանկապարտեզը 2023-ից կջեռուցվի արեւային էներգիայով

Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մանկապարտեզում տարիներ շարունակ ձմռանը հարկադրված պարապուրդի ռեժիմով են աշխատում: Թեեւ վերջին տարիներին շենքում ջեռուցման համակարգ է կառուցվել, սակայն գազով աշխատող կաթսաները զգալի ծախսեր են պահանջում: Ջեռուցման ծախսատար մեթոդներից հրաժարվելու ամենաարդյունավետ միջոցը արեւային ֆոտովոլտային կայան տեղադրելն է:
 
Մանկապարտեզի խնդրին ծանոթանալուց հետո Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծում են գտել. աշխատանքներն արդեն սկսվել են, որպեսզի հաջորդ տարի շենքը արեւային էներգիայից ստացված էներգիայով ջեռուցվի:
 
Ծախսը զրոյացնելու նպատակով կառուցվող կայանը կգործի 22,5 կվտ/ժամ դրվածքային հզորությամբ: Կտեղադրվի նաեւ 21 կվտ/ժամ հզորությամբ աշխատող էլեկտրական 2 կաթսա: Արտադրած էներգիան թույլ կտա առանց հավելյալ ծախսի, ապահովել մանկապարտեզի բնականոն աշխատանքը: Ավելին՝ հնարավոր կլինի ավելացնել սաների թիվն ու նոր խումբ բացել:
 
Մանկապարտեզի տնօրեն Վիկտորյա Ավագյանը կարեւորել է Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործընկերությամբ իրականացվող ծրագիրը:
 
«Հայաստանն արեւ շատ ունի: Կկրճատվեն մեր ծախսերը, ծնողներն էլ գոհ կլինեն մեզանից, մենք էլ խնայված գումարները կօգտագործենք այլ ծախսերի համար: Երրորդ խումբ չունենալը՝ նախ պայմաններից էր կախված. ջեռուցում չկար, առանձին սենյակներ չէին ջեռուցվում: Այժմ համակարգը նորմալ է, 2023 թվականին կունենանք տնտեսված գումար՝ արեւային համակարգի միջոցով եւ կբացենք երրորդ խումբը»,- ասել է նա: