17:21 | 21.12.22 | Նորություններ | 2359

Հայկական CaseKey թիմն ԱՄՆ-ում կմասնակցի միջազգային մրցույթի

2023թ․-ի փետրվարին ԱՄՆ Ֆրորիդա նահանգում տեղի կունենա Heavener’s International Case Competition-ը (HICC)։ Մրցույթին հրավիրված է ողջ աշխարհից 14 թիմ: Երկրորդ տարին անընդմեջ հայկական CaseKey թիմը եւս հրավիրվածների շարքում է։

Թիմը ձեւավորվել է CaseKey 2022-ի լավագույն մասնակիցներից։ Ի սկզբանե CaseKey-ին մասնակցելու համար ստացվել էր ավելի քան 500 դիմում տեղական բուհ-երի ուսանողներից, որոնցից միայն 120-ն էր միջոցառմանը մասնակցելու հրավեր ստացել: Եզրափակիչ փուլ հասել էր միայն 70-ը։

Շուրջ 7 ամիս տեւած մրցույթի ընթացքում մասնակիցները բաժանվել էին 5-6 հոգանոց թիմերի, մասնակցել դասախոսությունների։ Բանախոսների շարքում էր ԱՄՆ-ի լավագույն քոուչերից մեկը՝ Շոն Լիմոնը, ում թիմը 3 անգամ հաղթել է միջազգային բիզնես խնդիրների լուծման մրցույթների Champions Trophy-ն։

Մինչեւ եզրափակիչ միջոցառումը, այս տարի մասնակիցներն արդեն լուծել են հանրային կարեւորության երեք խնդիր՝ (1) Ստեփանավան համայնքի զարգացման ռազմավարություն (լավագույն 2 լուծումներ առաջարկող թիմերը ստացել են կրթաթոշակներ` իրենց առաջարկները գաղափարներից ներդրումային ծրագրի վերածելու համար) (2) Երեւանում էլեկտրական սկուտեռների կարգավորման կոնցեպտի մշակում (մրցույթից հետո մասնակիցները ներկայացրել են իրենց լուծումները ՀՀ Ազգային ժողովում համապատասխան հանձնախմբի լսումների ժամանակ)։  (3) Արմաթ ինժեներական լաբորատորիաների միջազգայնացման ռազմավարություն (ներկայումս CaseKey մասնակիցների եւ ԱՏՁՄ թիմի հետ ստեղծվում է աշխատանքային խումբ` արտահանման ռազմավարության լրամշակման եւ իրագործման համար):  

Եզրափակիչ միջոցառման ընթացքում թիմերը ներկայացրել են Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գործակալության (EKENG) կողմից առաջադրված e-citizen.am հարթակի հանրայնացման խնդրի լուծման իրենց տարբերակները։  

CaseKey-ի նպատակն է հնարավորություն տալ ուսանողներին ձեռք բերել գիտելիքներ, որոնք կօգնեն լուծել հայկական բիզնեսների առջեւ ծառացող իրական խնդիրները։

Ամենամյա մրցույթին մասնակցել է ավելի քան 200 ուսանող, որոնցից շատերն արդեն համատեղում են մասնագիտական աշխատանքները ուսուցման հետ։

5 մասնակցից կազմված թիմը կմեկնի ԱՄՆ եւ կներկայացնի Հայաստանը միջազգային բիզնես խնդիրների լուծման մրցույթում։

Ավելի մանրամասն կարելի է կարդալ այստեղ: