16:23 | 14.12.22 | Նորություններ | 2578
Դեկտեմբերի 5-ից 13-ը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանում հայ եւ վրացի 20-ից ավելի երիտասարդի մասնակցությամբ տեղի է ունեցել տեխնոլոգիական ձեռներեցության միջազգային ճամբար։
Մեկ շաբաթ տեւողությամբ ճամբարի ընթացքում երիտասարդները մասնակցել են սեմինարների եւ աշխատարանների. կիրառելով ծրագրավորման ոլորտում ունեցած հմտությունները՝ ստեղծել են նորարարական լուծումներ կրթության եւ առեւտրի ոլորտներում։
Ճամբարի ինտենսիվ ծրագիրը մասնակիցներին հնարավորություն է տվել անցնել դիզայն մտածողության /design thinking/ բոլոր փուլերով, մշակել իրենց գաղափարների նախատիպերը եւ փորձարկել դրանք։ Երիտասարդներն այցելել են Ինժեներական քաղաքում տեղակայված ընկերություններ, ծանոթացել նրանց արտադրանքներին, ինչպես նաեւ երկու օր անցկացրել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։
«Տեխնոլոգիական ձեռներեցության ճամբարի նպատակն է երիտասարդների շրջանում արթնացնել հետաքրքրություն ձեռներեցության նկատմամբ, օգնել նրանց կազմել թիմեր եւ գեներացնել նոր գաղափարներ, որոնք կարող են մշակել՝ կիրառելով դասընթացների ընթացքում ձեռք բերած գիտելիքները»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Մարի Բարսեղյանը։
Ճամբարի միջազգային ձեւաչափն օգնել է մասնակիցներին մշակել այնպիսի լուծումների նախատիպեր, որոնք կիրառելի են ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում։
Տեխնոլոգիական ճամբարն իրականացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։