15:31 | 17.11.22 | Նորություններ | 2353

«Արմաթ» ազգային ծրագիրը ներկայացնում է Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային ավանում

Նոյեմբերի 13-ից Թունիսի Ջերբա քաղաքում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին ընդառաջ, գործում է Ֆրանկոֆոնիայի ավան, որտեղ Հայաստանը ներկայանում է «Մշակույթ եւ տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով։

Տաղավարի տեխնոլոգիական հատվածը ներկայացնում է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ազգային ծրագիրը, որը ներկայացնում է տեխնոլոգիաների նշանակությունը համաշխարհային մշակույթի պահպանման եւ զարգացման գործում:

Թվային կառավարման հաստոցի օգտագործմամբ տեղում այցելուներին ցուցադրելու համար փորագրվում են գորգերի զարդանախշեր: Եռաչափ տպիչի օգտագործմամբ տպագրվում են հայկական ժայռապատկերներով սեղանի խաղեր, «տիեզերքի քարտեզ» մոդելի էջանշան եւ այլ իրեր:

Ցուցադրված են նաեւ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների սաների կողմից մոդելավորված եւ փորագրված աշխատանքները Հայաստանի մշակութային արժեքների պատկերմամբ։ Թվային կառավարման հաստոցը եւ եռաչափ տպիչը նախագծված եւ ստեղծված են Հայաստանում։

Հայկական տաղավարում ցուցադրված են նաեւ գորգեր, ասեղնագործ նմուշներ, անցկացվում են գորգագործության վարպետության դասեր, տեղի են ունենում շրջայցեր VR ակնոցի միջոցով։

Ցուցադրությունը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 19-ը եւ կամփոփվի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովով, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը կփոխանցի Թունիսին: