14:36 | 14.11.22 | Նորություններ | 1568

Մարտակերտում բացվել է «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոց

Նոյեմբերի 12-ին Արցախի Մարտակերտ քաղաքում բացվել է 12-րդ «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոց։

Այն իրականացվել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ), Ֆրանսիայի Սարսել քաղաքի եւ Սարսելի հայկական մշակութային միության ջանքերով։

Նոյեմբերի 13-ին կայացել է Ստեփանակերտում Արցախի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների մարզային ցուցահանդեսը, որին մասնակցել է Արցախի 24 «Արմաթ» աշխատանոց։

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են արմաթցիների՝ եռաչափ տպիչով եւ փայտամշակման հաստոցով պատրաստված աշխատանքները, «Աղուես» ու «Կրիայ» ծրագրերով ստեղծված խաղերը ու մի շարք ավտոմատացված եւ խելացի համակարգեր։

Ցուցահանդեսին զուգահեռ տեղի է ունեցել սեւ գծին հետեւող ռոբոտների մրցույթը, որտեղ հաղթող է ճանաչվել Ասկերանի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել նաեւ Սոսի եւ Նորշենի միջնակարգ դպրոցների «Արմաթ» աշխատանոցները։

Արցախում գործում է 24 «Արմաթ» ճարտարագիտական եւ 2 «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոց: «Արմաթ»-ում 10-18 տարեկան աշակերտները ստանում են անվճար ճարտարագիտական կրթություն եւ վաղ հասակից ինքնադրսեւորվում են ծրագրավորման, եռաչափ մոդելավորման եւ ռոբոտաշինության ոլորտներում։

«Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցներում 14-18 տարեկան պատանիները հնարավորություն են ունենում ստանալ անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնել դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման եւ կառավարման առանձնահատկությունները։

«Արմաթ» ազգային ծրագիրն այժմ գործում է ավելի քան 630 աշխատանոցում եւ կրթում մոտ 17.000 սան։