15:59 | 09.11.22 | Նորություններ | 1686

Meta-ն կրճատել է իր աշխատուժի 13%-ը՝ մոտ 11 000 աշխատակցի

Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի մայր ընկերությունը Meta-ն հաստատել է իր աշխատուժի 13%-ը կրճատելու մասին լուրերը։ Աշխատանքից ազատվել է մոտ 11 000 աշխատակից:

«Ես ցանկանում եմ պատասխանատվություն կրել այս որոշումների և այն բանի համար, թե ինչպես ենք մենք հասել այստեղ։ Ես գիտեմ, որ սա դժվար է բոլորի համար, և ես հատկապես ցավում եմ տուժածների համար»,- գրել է Meta-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Տեխնոլոգիական սպեկտրի տարբեր ընկերությունները վերջին շաբաթների ընթացքում հայտարարել են կրճատումների հսկայական ծավալների մասին: Twitter-ն Իլոն Մասկի ղեկին գալուց հետո աշխատանքից ազատել է իր աշխատուժի կեսին՝  7500 աշխատակցի։ Stripe-ն էլ հայտնել է իր աշխատուժը 14%-ով (1120 աշխատող) կրճատելու պլանների մասին։ Salesforce-ը նույնպես հաստատել է հարյուրավոր աշխատակիցների աշխատանքից ազատելու մասին տեղեկությունները։