12:13 | 24.10.22 | Նորություններ | 1468

Մեկնարկել է «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը

Հոկտեմբերի 21-ին Դիլիջանում մենակել է «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի 5-օրյա միջոցառումը։  

«Ներուժը» պետական ծրագիր է, որի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը՝ նպաստելով Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:

Ծրագրի շրջանակում այս տարի Հայաստանում հյուրընկալվել է 22 ստարտափ Կանադայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Տոգոյից, Կիպրոսից, Գերմանիայից, Ավստրիայից։

Լավագույն նախագծերը կարժանանան դրամաշնորհի, ինչը հնարավորություն կտա մասնակիցներին զարգացնել իրենց գաղափարներն՝ վերածելով այն կայուն զարգացող բիզնեսի:

Ծրագրի մրցանակային ֆոնդը կազմում է 45 մլն դրամ:

Առաջին մրցանակի արժանացած ստարտափ նախագծին կշնորհվի 20 մլն դրամ,  երկրորդ մրցանակակրին՝ 15 մլն դրամ, երրորդ մրցանակին արժանացած ստարտափին՝ 10 մլն դրամ։

Դրամաշնորհ ստանալու կարեւոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը եւ առնվազն մեկ տարի ՀՀ-ում բնակվելը:

«Ծրագրի հիմքում շատ կարեւոր բաղադրիչ է` մասնագիտական հայրենադարձությունը: Այս համատեքստում դուք կարող եք Հայաստան բերել աշխարհի փորձը: Ապրելով, սովորելով եւ աշխատելով աշխարհի տարբեր վայրերում՝ դուք դարձել եք տվյալ երկրի մշակույթի, կենսակերպի, մտածողության կրողը։ Իսկ այստեղ, այս ծրագրի շրջանակում՝ այժմ հանդես եք գալիս նաեւ այդ երկրների տեխնոլոգիական ոլորտի դեսպաններ:

«Ներուժ 3.0»-ի ավարտին հայկական տեխնոլոգիական ոլորտում ստեղծվելու են նոր արժեքներ, որոնք կարող են լուրջ նախադրյալ լինել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար»,- ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Արդեն 3-րդ անգամ անցկացվող ծրագիրն այս տարի իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ։