17:56 | 26.09.22 | Հոդվածներ | exclusive 4510

Սերիալ ստարտափ միջավայրի մասին. Նարեկ Մարգարյանը մանրամասնում է

Երեք ընկերներ ստեղծում են նոր ալգորիթմ ու գրավում ամերիկյան ներդրողների ուշադրությունը: Արդյոք պատրա՞ստ են նրանք հասարակ ծրագրավորողներից դառնալու միլիոնանոց ընկերության ղեկավարներ, ինչպե՞ս է պրոդուկտը հաղթահարելու շուկայի մարտահրավերները: Այս կոնֆլիկտը ArmComedy-ի հեղինակներ Նարեկ Մարգարյանի եւ Սերգեյ Սարգսյանի նոր նախագծի հիմքում է, այն է՝ հայաստանյան ստարտափային իրականությունը ներկայացնող առաջին հայկական տեխնոլոգիական սերիալ:

iTel.am-ը զրուցել է Նարեկ Մարգարյանի հետ նախագծի ընթացքի, սցենարի ու սերիալի ուղերձների մասին: Մեր զրույցը կայացել էր նախքան սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի հարձակումը:

Ստարտափների աշխարհը ներսից

Հայկական ստարտափների մասին պատմություն ստեղծելու գաղափարը եփվում էր արդեն մեկ տարի: Շատ հետաքրքիր ոլորտ է, բոլորի շուրթերից անընդհատ հնչում է ստարտափների ու ՏՏ ոլորտի կարեւորությունը, բայց մարդանց մոտ մի քիչ տարբեր պատկերացումներ են այդ ոլորտի մասին:

Մի մասի համար դա հրաշքների տեղ է. եթե լավ միտք ունեցար, միանգամից Ամերիկայից միլիոններ են ներդնում: Շատ քչերն են պատկերացնում այն աշխատանքը, որը ստարտափի զարգացման ու ներդրումների ներգրավման հետեւում է: Մյուս կողմից էլ շատերին թվում է, որ եթե ինչ-որ բան հաջողվեց, այդպես էլ շարունակվելու է ու մեծ ընկերություն է դառնալու, մինչդեռ շատ ընկերություններ սկսում են մի պրոդուկտով, իսկ զարգացման ընթացքում դառնում բոլորովին այլը: Մենք ուզում ենք այս ամբողջը ներսից ցույց տալ:

Բացի այդ, միշտ ցանկացել ենք նկարահանել սիթքոմ, որը կլինի աշխատանքային հարաբերությունների մասին: Սա ուսումնասիրելու համար շատ հետաքրքիր թեմա է, եւ մինչ այս Հայաստանում դրա մասին ոչինչ չի նկարահանվել:

Սցենարի կարեւորությունը

Հեռուստատեսությամբ ցուցադրվում է այն, ինչ պետք է դուր գա բոլորին՝ երեխայից մինչեւ տարեցներ: Մենք ուզում ենք կտրվել դրանից, ուստի որպես թիրախ վերցրել ենք 14-40 տարեկանների լսարանը: Համաշխարհային միտումն այն է, որ հոսքային ծառայությունները սկսել են նկարահանել նեղ ուղղվածության սերիալներ: Օրինակ՝ մարզակոշիկների կոլեկցիա հավաքող երիտասարդի մասին պատմությունը կհետաքրքրի բացառապես այն մարդկանց, որոնք իրենք էլ ունեն նման հետաքրքրություն, սակայն դրանից պատմությունը չի տուժում, այլ ավելի հետաքրքիր է ստացվում: Նեղ թեմաներից խուսափել պետք չէ, որովհետեւ դրանք ստեղծագործական ազատություն են տալիս:

Ուզում ենք շատ մեծ ուշադրություն դարձնել հենց սցենարին: Ցավոք, հաճախ, ավելի մեծ բյուջե է հատկացվում արտադրությանը, գլխավոր դերակատարներին, իսկ սցենարը ետին պլան է մղվում: Մենք ուզում ենք, որ սցենարն առաջնահերթություն լինի եւ աշխատանքի զգալի մասը հենց սցենարի վրա է լինելու:

Սցենարի հիմքում հետեւյալ պատմությունն է. երեք ընկերներ իրենց փոքրիկ սենյակում ստեղծում են ալգորիթմ, որը հանկարծ հաջողում է, եւ նրանք խոշոր ֆինանսավորում են ստանում: Սերիալի կոնֆլիկտը նրանում է, որ երիտասարդներից ոչ մեկը պատրաստ չէր մեծ ընկերություն ղեկավարելուն: Նրանք չունեն փորձ, ղեկավարի դերն իրենց համար խորթ է: Բացի այդ, ֆինանսավորումը ստանալուց հետո պարզում են, որ պրոդուկտն էլ լիարժեք պատրաստ չէ: Բարեկամներն էլ թերթերում կարդում ու իմանում են, որ նրանք արդեն միլիոնատեր են:

Դերասանների ընտրություն

Դերասաններին ընտրելու ենք ոչ թե հայտնիության սկզբունքով, այլ դերին առավել համապատասխանության: Փորձելու ենք նոր տաղանդների բացահայտել: Ես եւ Սերգեյը մեզ համար երկրորդական, բայց կարեւոր դերեր ենք նախատեսել: Ցավոք, տարիքով արդեն չենք համապատասխանում ստարտափ ստեղծող երիտասարդի կերպարին, ուստի այս պատմությունը մեր մասին չի լինի: Մեկս չարագործի դեր է տանելու, մյուսը՝ ամերիկացու:

Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը
photo © ArmComedy


Ունենք շատ ուժեղ կնոջ կերպար, երեք գլխավոր հերոսներից մեկն է: Կարծում եմ, որ շատ կարեւոր է կնոջ նման կերպարներ ունենալը, քանի որ հիմնականում կինը տանում է ռոմանտիկ հետաքրքրության դեր կամ երկրորդական պլանում է, իսկ մեզ մոտ հստակ առաջին պլանի դերասանուհի է: Այդուհանդերձ, ռոմանտիկ պատմություն եւս կունենանք, իսկ հումորը կլինի հնարավորինս կյանքին մոտ:  

Առաջին եթերաշրջանի համար նախատեսում ենք 10 սերիա, որոնցով կստատանք կարեւոր հարցերի պատասխաններ, սակայն կառաջանան ավելի մեծ հարցեր՝ երկրորդ եթերաշրջանի համար:

Նախագծին կօգնեն ոլորտն ու լսարանը

Քանի որ ArmComedy-ին անցավ ընթերցողների աջակցությամբ գործելու ձեւաչափին, նույն սկզբունքն ուզում ենք փորձել նաեւ սերիալների արտադրության ոլորտում: Նախատեսում ենք, որ սերիալը լինի Youtube-ով եւ բոլորին հասանելի, իսկ մարդիկ կարողանան ֆինանսական մասնակցություն ունենալ:

Այժմ սերիալի արտադրության համար անհրաժեշտ գումարի մի մասը հավաքում ենք Facebook-ի ֆոնդհայթայթման հարթակում, որն իրականում բյուջեի չնչին մասն է: Մյուս մասի համար շփումներ ենք ունենում ՏՏ ոլորտի ընկերությունների հետ, առաջարկում գովազդային ներգրավում եւ PR ոլորտի համար: Նաեւ ցանկանում ենք, որ նրանք եւս իրենց ներկայությունն ունենան սերիալում, որպեսզի ստեղծենք Հայաստանի ստարտափ աշխարհի իրական միջավայրը:

Հիմքում՝ իրական պատմություններ

Հանդիպել եմ տարբեր ստարտափների հիմնադիրների ու զրուցել նրանց հետ: Նրանք պատմություններ են պատմում, ես դրանք գրանցում եմ: Այնքան անհավանական թվացող իրական պատմություններ կան: Իհարկե, նույնությամբ չենք օգտագործելու, բայց ցավում եմ, որ շատ իրական պատմությունների դեպքում դիտողը մտածելու է, որ ամբողջը հորինված է ու նման բան իրականում լինել չէր կարող:

Սերիալի հիմքում իրական կերպարներ են: Ի դեպ, պարտադիր չէ, որ մարդն աշխատի ՏՏ ոլորտում, որպեսզի այդ կերպարներին իր աշխատանքային միջավայրում հանդիպած լինի: Յուրաքանչյուրը կկարողանա իրեն ու իր աշխատանքի վայրի կոլեգաներին գտնել մեր կերպարներում:

Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը
photo © ArmComedy


Ուզում ենք ցույց տալ նաեւ, որ այս ամենը գիտահեն է: Շատերի պատկերացմամբ ծրագրավորման ոլորտը ոչ մի կապ չունի մաթեմատիկայի, ավանդական գիտությունների հետ, մինչդեռ դա միանգամայն սխալ տպավորություն է: ՏՏ ոլորտում այս փայլուն հաջողության պատմությունները Հայաստանում ունենք նաեւ գիտական հենքի շնորհիվ: Նրանք մաթեմատիկայի ֆակուլտետի լավագույն ուսանողներն են, ինժեներներն են, որ կարողանում են այդ գիտությունը ճիշտ փաթեթավորել ու գտնում դրա համար համապատասխան դրսեւորում:

Գիտնականների մասին մեր պատկերացումները պետք է թարմացնենք, ու մեր սերիալի խնդիրներից մեկը հենց դա է:

Թվում է, թե կարող ես գնալ ծրագրավորման դասընթացի ու դու արդեն ծրագրավորող ես: Այո, դա հնարավոր տարբերակ է, սակայն երբ ունես գիտական հենք, կարող ես ոչ թե լինել սովորական ծրագրավորող, այլ գյուտի հեղինակ, վաճառել այն ամբողջ աշխարհին ու դառնալ գլոբալ դերակատար:

Գայանե Ենոքյան