13:44 | 19.08.22 | Նորություններ | 2638

Ջանեթ Ջեքսոնի երգը «սպանել է» 2000-ականների նոթբուքերը

Microsoft-ի ծրագրավորող Ռայմոնդ Չենը ընկերության բլոգում պատմել է Windows XP-ի ժամանակաշրջանում տարօրինակ ու առեղծվածային դեպքի մասին, երբ որոշ նոթբուքեր խափանվել են Ջանեթ Ջեքսոնի Rhythm Nation երաժշտական տեսահոլովակը նվագարկելիս։

Այս խնդրին բախվել է նոթբուքերի խոշոր արտադրողներից մեկը, որը պատճառի որոնման ընթացքում պարզել է, որ խնդիրն ազդում է նաեւ այլ արտադրողների սարքերի վրա։ Ավելին, պարզվել է՝ շարքից դուրս են եկել ոչ միայն համակարգիչները, որոնց վրա հնչում է թրեքը, այլեւ մոտակայքում գտնվող համակարգիչները։

Պարզվել է, որ բոլոր խափանումների պատճառը մեկն է. Ջանեթ Ջեքսոնի երգը պարունակում է կոշտ սկավառակների ռեզոնանսային հաճախականություններից մեկը՝ նախատեսված 5400 պտույտ/րոպե արագությամբ աշխատող նոթբուքերի համար։ Պարզ ասած՝ թրեքը ռեզոնանս է առաջացրել կոշտ սկավառակի հետ եւ անջատել այն:

Արտադրողը լուծել է խնդիրը՝ հատուկ զտիչ ավելացնելով, որը հայտնաբերում եւ հեռացնում էր անցանկալի հաճախականություններն աուդիո նվագարկման ընթացքում: