16:56 | 16.08.22 | Նորություններ | 13843

Հայկական երկու ստարտափ կմրցի Ձեռներեցության աշխարհի գավաթի միջազգային եզրափակչում

Հայկական երկու ստարտափ՝ Text’nPayMe-ն եւ HopShop-ը, ճանաչվել են հաղթող Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային փուլում։ Նրանք Հայաստանը կներկայացնեն EWC միջազգային եզրափակչում եւ կպայքարեն 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդի համար:

Մրցույթի ազգային փուլի եզրափակիչը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Հաղթող թիմերից յուրաքանչյուրը, բացի Ձեռներեցության ազգային գավաթից, մրցույթի հովանավորների կողմից ստացել են նաեւ 10 հազար դոլարին համարժեք դրամական պարգեւներ։

TextnPayMe-ն բանկային «ստեղնաշար» է, որը բանկերի հաճախորդներին հնարավորություն է տալիս գումար ուղարկել մեսենջերի, ինչպես նաեւ մուտքագրման դաշտ ունեցող ցանկացած այլ հավելվածի միջոցով:

HopShop-ը նորաձեւության ոլորտի Shazam-ն է: Այն օգնում է գնորդներին առցանց եւ ցանցից դուրս հարթակներում գտնել ու գնել ցանկացած հագուստ եւ աքսեսուար։

Ձեռներեցության աշխարհի գավաթի համակազմակերպիչ եւ հովանավոր Team Telecom Armenia-ի կողմից Biocentric ստարտափը ստացել է հատուկ նվեր՝ մինչեւ 1000 Մբ/վ արագությամբ ինտերնետի մեկ տարվա բաժանորդագրություն։

«Գիտական ուղղվածության նախագծերը մշտապես մեր ընկերության ուշադրության կենտրոնում են։ Ուրախ եմ, որ այս մրցույթի եզրափակչում էլ ներգրավված էին գիտական հիմքով ստարտափներ, որոնցից մեկին էլ հանձնեցինք Team Telecom Armenia-ի նվերը։ Հուսով եմ՝ մի փոքր ներդրում կունենանք ստարտափի` գաղափարի մակարդակից աճման մակարդակ անցնելու գործում»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրենի՝ տվյալների վերլուծության գծով խորհրդական Զավեն Նավոյանը։

Ըստ Ձեռներեցության աշխարհի գավաթի հայաստանյան ազգային համակարգող Նժդեհ Հովհաննիսյանի՝ անցյալ տարվա համեմատ այս տարվա մասնակիցները ավելի զարգացած, պատրաստված էին, եւ ժյուրիի ընտրությունը եզրափակչին չափազանց դժվար է եղել:

«Ուրախ եմ, որ ազգային ընտրության արդյունքում ունենք միջազգային մասշտաբով բավականին մրցունակ երկու թիմ»,-նշել է Նժդեհ Հովհաննիսյանը:

Հայտադիմում ներկայացրած ավելի քան 110 թիմից 99-ը հաղթահարել էր մրցույթի նախնական փուլը, իսկ 34-ն անցել էր կիսաեզրափակիչ փուլ։ Ժյուրիի կողմից ընտրության արդյունքում 12 ստարտափ անցել էր մրցույթի ազգային փուլ: Մրցույթի տարբեր փուլերի գնահատման կարեւոր գործում ներգրավված են եղել ավելի քան 60 մասնագետ՝ Հայաստանից եւ արտերկրից։

Հայաստանում Ձեռներեցության աշխարհի գավաթն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Հայկական էկոհամակարգի աշխուժության եւ ազգային մրցույթի կազմակերպչական աշխատանքի բարձր որակի արդյունքում այս տարի եւս Հայաստանը միջազգային փուլում ներկայացնելու հնարավորություն է ստացել 2 ստարտափ։ EWC Global 2022-ը տեղի կունենա նոյեմբերին՝ Սաուդյան Արաբիայի Ալ-Ռիադ քաղաքում: