16:14 | 05.08.22 | Նորություններ | 1889
Երեւանի պետական համալսարանը (ԵՊՀ) հայտարարում է 2022-2023թթ. ուսումնական տարվա ընդունելություն՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի համար։
Կրթական ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցություն է իրականացվում ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանի եւ NVIDIA խորը ուսուցման ինստիտուտի հետ։ Այն մշակվել է ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական ծրագրի եւ գործընկեր այլ կառույցների բարձրակարգ մասնագետների աջակցությամբ:
Դասավանդումն իրականացվում է կրթական ոլորտի, ՏՏ ընկերություններում աշխատող եւ հրավիրված լավագույն մասնագետների կողմից, որոնք փոխանցում են ոչ միայն իրենց տեսական գիտելիքներն, այլեւ գործնական փորձը: Դասընթացների մի մասն իրականացվում է գործընկեր կազմակերպություններում՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին լուծել կիրառական խնդիրներ եւ ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին:
Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան նաեւ 2-րդ կուրսից շարունակել ուսումը ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ եւ անցնելով պրակտիկա Սիլիկոնյան հովտի կազմակերպություններում։
Միեւնույն ժամանակ՝ ծրագրի լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ստանալու ֆինանսավորում: Մագիստրոսական այս ծրագրի մեկնարկից ի վեր ֆինանսավորում է տրամադրվել 63 ուսանողի։ Մագիստրոսական ծրագիրն ունի 4 անվճար տեղ։
Ծրագրի 2022-2023թթ. ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպվում է առցանց, փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 15-ից մինչեւ 22-ը՝ ժամը 18:00:
Մանրամասներին ծանոթանալ եւ դիմել հնարավոր է այստեղ:
Կրթական ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) եւ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) հետ համագործակցությամբ եւ PMI Science-ի աջակցությամբ։