15:34 | 03.08.22 | Նորություններ | 1933

Բիզնես ասոցիացիաները կոալիցիա են ձեւավորել Հայաստանի արտարժույթի շուկայի իրավիճակի շուրջ

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ՏՀՏ գործատուների միությունը, Հայաստանի գործատուների հանրապետական միությունը եւ «Մանթաշյանց» գործարարների միությունը ձեւավորել են կոալիցիա եւ համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի արտարժույթի շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Հայտարարությունում նշվում է, որ դոլարի փոխարժեքի սրընթաց անկումն անհաղթահարելի խնդիրներ է առաջացրել արտահանող կազմակերպություններից շատերի մոտ։
«Նախորդ ամիսների ընթացքում ընկերությունների մեծ մասը չվերականգնվող վնասներ են կրում, որի պատճառով նրանցից ոմանք գտնվում են կործանման եզրին։

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ վնասները վերաբերում են ոչ միայն ընկերությունների եկամուտին, այլեւ շուկաների, հաճախորդների ձեռքբերման երկարամյա ջանքերն ի չիք դարձնելուն։

Միաժամանակ նախորդ ամիսներին ոլորտային ասոցիացիաները խնդիրը ներառել են ՀՀ կենտրոնական բանկի եւ կառավարության օրակարգ, տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, քննարկվել են բազմաթիվ հնարավոր լուծումներ, սակայն դրանք մնացել են խոսակցությունների մակարդակում։

Ստեղծված իրավիճակում հայտարարում ենք՝

1.    ՀՀ կառավարության կողմից նման վարքագծի շարունակությունը կարող է կործանարար լինել Հայաստանի տնտեսության համար՝ առաջացնելով նոր անկանխատեսելի ռիսկեր։
2.    Պահանջում ենք, որպեսզի շտապ քայլեր ձեռնարկվեն ընկերությունների վնասների փոխհատուցման, նրանց կենսագործունեության ապահովման ուղղությամբ։
3.    Տեսական քննարկումներից անմիջապես անցնել գործնական մեխանիզմների ներդրման։
4.    Ներդրվող գործիքակազմը պետք է հետադարձ վերաբերվի ս.թ. ապրիլ ամսվանից ընկերությունների կողմից կրած վնասներին։

Պատրաստակամություն ենք հայտնում առավելագույն մասնակցություն ունենալ անհրաժեշտ լուծումների մշակման եւ ներդրման աշխատանքներում։

Անհրաժեշտ գործիքների (միջոցառումների ծրագիր) ներդրման շտապ գործընթաց չլինելը կամ դանդաղությունը լի է տնտեսության համար անկանխատեսելի հետեւանքներով։

Բիզնես ասոցիացիաներն այսօրվանից ձեւավորում են կոալիցիա՝ այս եւ այլ կարեւոր թեմաների շուրջ քննարկումներ կազմակերպելու համար։ Կոալիցիայի հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 9-ին»,- նշված է հայտարարությունում։