16:35 | 25.07.22 | Նորություններ | 1377

CaseKey բիզնես մրցույթի մասնակիցներն այցելել են Team Telecom Armenia

CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի GenZers հովանավոր Team Telecom Armenia ընկերությունն ընդունել է մրցույթի մասնակիցներին։ Հանդիպման ընթացքում երիտասարդ մասնագետները ծանոթացել են ընկերության ռազմավարական ծրագրերին, վերաբրենդավորման ընթացքին, ինչպես նաեւ մասնագիտական աճի հնարավորություններին, ազատ հաստիքներին ու ստացել ընկերության եւ հեռահաղորդակցության ոլորտի հետ կապված իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները։

«Բիզնես մրցույթներն աշխարհում մեծ տարածում ունեն, սակայն Հայաստանում դրանք դեռ սաղմնային՝ ձեւավորման փուլում են։ Վստահ եմ, որ CaseKey-ն նպաստելու է մեր երկրում ավելի առողջ մրցակցային միջավայրի ու նոր մակարդակի բիզնես էկոհամակարգի ձեւավորմանը»,- նշել է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը։

CaseKey մրցույթի նպատակն է երիտասարդներին փոխանցել բիզնեսի ոլորտում առաջացող խնդիրների լուծման գործնական հմտություններ, բարելավել կրթություն-մասնավոր հատված համագործակցությունը: Ըստ մրցույթի ֆորմատի՝ 5-ամսյա կրթական ծրագրից հետո մասնակից թիմերը ստանում են հատուկ մրցույթի համար մշակված իրական խնդիր, որից հետո ունենում 72 ժամ այն լուծելու համար։

«Team Telecom Armenia-ի հետ այս տարի առաջին անգամ ենք համագործակցում եւ մեզ համար կարեւոր է մեր գործընկերների թվում տեսնել նոր ասելիք ունեցող ու առաջադեմ ընկերություն։ Այսպիսի համագործակցություններն ու հանդիպումները մոտիվացնում են նաեւ մեր մասնակիցներին»,- նշել է CaseKey մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանը։

Այս տարի մրցույթն ունեցել է շուրջ 500 դիմորդ, սակայն քոուչինգի փուլ են հասել 150-ը: Մասնակիցները բաժանվել են 23 թիմի, որոնցից յուրաքանչյուրը կրթական հանդիպումներ ունենալու եւ իրական խնդրի լուծմանը պատրաստվելու համար ունի մարզիչ ՀՀ առաջատար խորհրդատվական ընկերություններից։