17:08 | 23.06.22 | Նորություններ | 2261

«Հաւք» ԱԹՍ մրցույթի շուրջ համագործակցության մասին ստորագրվել է հուշագիր

ԱՏՁՄ գրասենյակում ստորագրվել է եռակողմ հուշագիր Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջեւ՝ երկրորդ ամենամյա «Հաւք» ԱԹՍ մրցույթի շուրջ համագործակցության վերաբերյալ։

Այս տարի մրցույթն անցկացվելու է սեպտեմբերի 10-ից 11-ը Լոռվա մարզի Լեռնապատ գյուղի ԱԹՍ օդանավակայանում։
Օդանավակայանի 80 մետրանոց թռիչքուղին կառուցված է հատուկ տեխնոլոգիայով՝ ունի տարբեր մանրաքարերի ու ավազի 7 շերտ։
«Այս տարի մրցույթն առավել մեծ ընդգրկում է ունենալու, ուստի բոլոր հետաքրքրված ընկերություններին հրավիրում ենք միանալ միջոցառման համատեղ անցկացմանը Լեռնապատում՝ աջակցելով Հայաստանի ապակենտրոն տեխնոլոգիական զարգացմանը», - նշել է Կարեն Վարդանյան հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը։

Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգում՝

•    դպրոցահասակներ,
•    սիրողական խմբեր,
•    սկսնակ ընկերություններ եւ մասնագիտացած ընկերություններ։

Հաշվի առնելով անվանակարգերը` առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին եւ բարդ։

Խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր՝

•    տարածքում կողմնորոշում,
•    իրերի հայտնաբերում ու տարբերակում,
•    փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։

«Ազգային նշանակության նախագծերի դեպքում կարեւորագույն բաղադրիչը համագործակցությունն է եւ համազգային մասնակցության ապահովումը», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Մրցույթի կազմակերպիչներն են Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Գլխավոր հովանավորն է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։