12:24 | 21.06.22 | Նորություններ | 1815

Տրվել է Գիտության եւ տեխնոլոգիաների կոնվերգենցիայի հարթակի (STCP) մեկնարկը

Կայացել է Գիտության եւ տեխնոլոգիաների կոնվերգենցիայի հարթակի (Science and Technology Convergence Platform - STCP) մեկնարկը եւ քննարկվել գիտական հետազոտությունների ֆինանսավորման սխեմաները Հայաստանում։  

Միջոցառումը նախաձեռնել էր Catalyst հիմնադրամը Գիտության եւ տեխնոլոգիաների կոնվերգենցիայի հարթակի (STCP) նախաձեռնության շրջանակում:  Նպատակն է արագացնել եւ հեշտացնել համագործակցությունը տեղական գիտության, արդյունաբերության, ակադեմիայի, կառավարության եւ դոնոր համայնքի ներկայացուցիչների միջեւ:
Catalyst-ի համահիմնադիր, SmartGateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը itel.am-ի հետ զրույցում ներկայացրել է հարթակի նպատակներն ու գործունեության ուղղությունները:

«Գիտահեն ցանկացած ընկերության հիմքում 3 առանցք կա՝ գիտությունը, ֆինանսավորումը եւ կառավարումը։ Չի կարող լինել գիտահեն ընկերություն, եթե չկան գիտնականներ, հետազոտություն՝ առանց համապատասխան ֆինանսավորման եւ ամենասքանչելի հետազոտության արդյունքն էլ չի կարող դառնալ ընկերություն, եթե լավ չղեկավարվի։

Մեր հարթակի խնդիրը այս 3 բաղադրիչներն իրար կապելն է եւ յուրաքանչյուրում օգնություն ցույց տալը: Սա խառը ու ցրված ֆինանսական միջոցները մի հարկի տակ բերելու ու նպատակին ծառայեցնելու փորձ է։ Մեզ հետաքրքրող ու ազդեցության ոլորտներն արհեստական բանականության հատումն է տարբեր ուղղությունների հետ՝ մասնավորապես կենսաբանության, ֆիզիկայի հետ, նաեւ ԱԲ կիրառությունը սարքավորումների վրա»,- նշել է նա։

Միջոցառումը բաղկացած էր 3 պանելային քննարկումներից հետեւյալ թեմաներով.

•    Հետազոտությունների ֆինանսավորման հնարավորություններ,
•    ԵՄ հետազոտության եւ նորարարության շրջանակային ծրագրի մարտահրավերներն ու հնարավորությունները, Horizon 2020,
•    Համալսարանական հետազոտությունների եւ դասավանդման ներգրավումը։  

Սեպտեմբերին Երեւանում կկազմակերպվի Science and Technology Convergence ամենամյա կոնֆերանսը։ STCP-ն իրականացվում է EU4Business «Հայաստանի համար նորարարական զբոսաշրջության եւ տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի աջակցությամբ։