12:30 | 20.06.22 | Նորություններ | 1618
Հունիսի 17-ին կայացել է թվային փոխակերպմանը նվիրված SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը:
Գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի պետական պաշտոնյաները, ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները եւ արտերկրից հրավիրված փորձագետները քննարկել են թվային փոխակերպման կարեւորությունը եւ թվային լուծումների կիրառումը տարբեր ոլորտներում:
Այս տարվա թեմաներն էին՝
• թվային փոխակերպում,
• ֆինթեք,
• կիբեռանվտանգություն:
Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) գործադիր տնօրեն Էդուարդ Մուսաելյանի խոսքով՝ այժմ Հայաստանում չկա թվային փոխակերպման ընդհանուր համակարգ կամ հանրային եւ մասնավոր հատվածների միջեւ համագործակցություն։ «Կան առանձին կղզյակներ, եւ մեր գլխավոր մարտահրավերը դրանց միացումն է մեր համակարգում»,- ասել է նա։
Միջոցառման ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրել է «Կառավարության եւ ԿԲ համատեղ թվայնացման օրակարգը» թեման:
«Բաց եւ որակյալ տվյալները ազգային հարստության համար կենսական նշանակություն ունեցող ակտիվ են: Մեր տեսլականն է ստեղծել զարգացած եւ անվտանգ միջավայր, հիմնարարներ եւ ենթակառուցվածք՝ Հայաստանը թվային հասարակության եւ թվային տնտեսության վերափոխելու համար: Դա կավելացնի քաղաքացիների ներուժը իրենց բարեկեցությունը բարձրացնելու համար, ձեռնարկություններին կսատարի իրենց մրցունակությունը բարելավելու գործում եւ կապահովի հանրային ինստիտուտների արդյունավետ կառավարումը»,- նշել է նա:
Գագաթնաժողովի հատուկ հյուրերն էին էստոնական Proud Engineers խորհրդատվական ընկերության տեխնոլոգիական տնօրեն (CTO) Անդրես Կուտտը եւ ռիսկի կառավարման փորձագետ Ռամզես Գալլեգոն:
«Բազմից այցելել եմ Հայաստան, ինչն ինձ հնարավորություն է ընձեռել հետեւել ձեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը։ Հայաստանում ինժեներական աշխատուժը հիմնականում շատ որակյալ է, տեսնում եմ բազմաթիվ հիանալի նախագծեր»,- ասել է միջոցառման հատուկ հյուրերից Անդրես Կուտտը, ով նախկինում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Skype ընկերությունում եւ Էստոնիայի պետական համակարգում եւ այժմ հանդիսանում է Proud Engineers ընկերության գլխավոր տեխնոլոգիական տնօրենը։
Արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն էր Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը: Այս տարի միջոցառմանն աջակցում էր ՀՀ Կենտրոնական բանկը: