13:27 | 13.06.22 | Նորություններ | 1391

Buissup Conference 2022-ին հաջորդելու են մի շարք միջոցառումներ

Հունիսի 11-ին Երեւանում անցկացվեց Հայ գործարարների ասոցիացիայի Buissup նախագծի միջոցառումների շարքը բացող առաջին իրադարձությունը՝ Buissup Conference 2022-ը: Այս տարի այն մեկ հարթակում էր հավաքել 1000-ից ավելի երիտասարդի:

Business: Next Station խորագրի ներքո անցկացված կոնֆերանսը համախմբել էր բիզնեսում նորարարություններով հետաքրքրված ամենատարբեր ոլորտներից երիտասարդների:

««Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ ստեղծվել է մի հարթակ, որի գլխավոր նպատակն ինովացիոն, հետաքրքիր մտքերով երիտասարդ գործարարներին մի հարթակում միավորելն է՝ նրանց հնարավորություն տալով ավագ սերնդի գործընկերներից սովորել նորը, արդյունքում հաջողությունների հասնել: Համոզված եմ, որ այս տարվա միջոցառումները նախորդից ոչ պակաս նորարարական, հետաքրքիր կլինեն, ու հաջողություններ կգրանցեն»,- նշել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Տիգրան Աբովյանը:

Itel.am-ի հետ զրույցում Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը հայտնեց, որ նախորդ տարի Buissup-ի բազմաթիվ միջոցառումների արդյունքում հաղթած նախագծերից ինը 1.2 մլն դոլարից ավելի ներդրում են ստացել:

Այս տարի նույնպես Buissup Conference 2022-ին հաջորդելու են մի շարք միջոցառումներ։

«Հուլիսի 9-10 հաքաթոն է տեղի ունենալու, որտեղ 36 ժամվա ընթացքում երիտասարդները մենտորների օգնությամբ մշակելու են իրենց ծրագրերը։ Այն կանցկացվի ոչ միայն Երեւանում, այլ զուգահեռ նաեւ Վանաձորում, Գյումրիում եւ Կապանում։ Ստեղծում ենք հնարավորություն այն երիտասարդների համար, որոնք ունեն լավ բիզնես գաղափարներ, բայց չունեն թիմ, գտնել թիմացկիների եւ հակառակը։  

Մեր հաջորդ միջոցառումը՝ Buissup Global Forum-ը, կկայանա սեպտեմբերի 5-11-ին Դիլիջանում։ Այն մեկ շաբաթվա ինտենսիվ ծրագիր է արդեն ավելի պատրաստի թիմերի համար: Լավագույն թիմերը սեպտեմբերի 20-ին Armenian Business Forum-ին կներկայանան եւ կփորձեն ներդրում ստանալ»,- նշեց Գոհար Ղումաշյանը։

Buissup Conference 2022-ի ընթացքում խոսնակներն անդրադարձան բիզնեսում նորարարությունների թեմային, խոսեցին կիբերանվտանգության, ռոբոտացման ազդեցության, արհեստական բանականության, ավտոմատացված ուսուցման մասին, ինչպես նաեւ բացահայտեցին բիզնեսում այդ բոլոր գործիքների կիրառման գաղտնիքները։