10:07 | 06.06.22 | Նորություններ | 1192

Արցախում երկու նոր Թումո տուփ է բացվել

Հունիսի 5-ին Արցախի Մարտունի եւ Ասկերան քաղաքներում բացվել են Թումո տուփերը, որոնք Մարտակերտի տուփի եւ Ստեփանակերտի Թումո կենտրոնի հետ միասին կկազմեն Թումոյի ամբողջական կրթական ցանցի հիմքը Արցախում:

photo © Թումո


Այն հնարավորություն կտա Արցախում բնակվող բոլոր պատանիներին ստանալ նորարարական կրթություն տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում:

photo © Թումո


«2021-ի սեպտեմբերին հայտարարեցինք մեր ընդլայնման ծրագրի մասին ամբողջ երկրով, եւ այսօրվանից ունենք արդեն 8 գործող տուփ փոքր համայնքներում եւ 3 նոր մարզային կենտրոն` կառուցման ակտիվ փուլում: Հատուկ ուրախությամբ ենք այսօր փաստում, որ Արցախում կատարել ենք մեր առջեւ դրված հիմնական նպատակը. 2015-ից գործող Ստեփանակերտի Թումո կենտրոնի եւ արդեն երեք տուփերի միջոցով մեր կրթական ծրագիրը հասանելի է դառնում տեղացի բոլոր պատանիներին` անհրաժեշտության դեպքում ապագա ընդլայնման հնարավորության երաշխիքով։ Իսկ այդ ընդլայնման առաջին քայլի մասին հենց այսօր էլ նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք. սկսում ենք աշխատել Կարմիր Շուկայում տուփ հիմնելու ուղղությամբ»,- ասել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

photo © Թումո


«Շնորհակալ ենք մեր գործընկերներին մեզ հետ այս ճանապարհը բարձր պատասխանատվությամբ անցնելու համար: Թումոյի կրթական ծրագրի ապակենտրոնացումն Արցախում իսկապես պահանջված էր, քանի որ  երեխաները ստանում են ժամանակակից կրթություն իրենց համայնքներում ու հարազատ միջավայրում», - ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

photo © Թումո


Նորաբաց երկու տուփերում էին իրենց առաջին թումոյական փորձառությունը ստացող տեղացի պատանիները: Այսուհետ նրանք հնարավորություն են ստանում խնայել յուրաքանչյուր դասին Ստեփանակերտ ճամփորդելու ժամանակը եւ ստանալ Թումոյի ծրագրի ինքնուսուցման չափաբաժինն իրենց համայնքում: Տուփի տեղադրման վայրի ընտրությունը այն հասանելի է դարձնում ոչ միայն տվյալ քաղաքի, այլեւ մոտակա բնակավայրերի պատանիներին:

photo © Թումո


Այդպիսով, Մարտունիի տուփ կկարողանան այցելել Գիշիի, Ճարտարի, Հերհերի, Բերդաշենի, Ննգիի եւ այլ բնակավայրերի պատանիները, իսկ Ասկերանի տուփը կհյուրընկալի Խրամորթի, Խնապատի, Աստղաշենի, Իվանյանի, Պատարայի եւ շրջանի այլ բնակավայրերի երիտասարդներին:

photo © Թումո


Թումո կենտրոնն Արցախի մայրաքաղաքում գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ 2015 թվականից եւ այս ընթացքում ունեցել է շուրջ 4 000 ուսանող, ավելի քան 300 դասընթաց, 100 եւ ավել աշխատարան եւ նախագիծ: