11:31 | 30.05.22 | Նորություններ | 2275

Թումոյի «42 Երեւան» նախագծի ընդունելությունը բաց է

Թումոյի «42 Երեւան» նախագծի 2022-2023 տարվա ընդունելությունը մեկնարկել է։ Նախագծին կարող են դիմել 18 տարին լրացած բոլոր անձինք, ովքեր ցանկանում են անվճար սովորել ծրագրավորում կամ կատարելագործել գիտելիքները։  

Հայտադիմումը հնարավոր է լրացնել այստեղ։

«42» կրթական ծրագիրը հիմնված է խաղային դիզայն ունեցող, ինքնուսուցողական պլատֆորմի վրա, որտեղ ուսանողները իրականացնում են գործնական առաջադրանքներ և կատարելագործում իրենց հմտությունները:

Ուսումնական պլանն առաջարկում է 150-ից ավելի նախագծեր, որոնք անընդհատ թարմացվում են` համապատասխանեցվելով ոլորտի նորագույն պահանջներին: Նախագծերից որոշները կարող են խլել 48 ժամ, որոշներն էլ՝ 6 ամիս:

Իրականացնելով նախագծերը և գնահատելով մյուսների աշխատանքները` ուսանողը ձեռք է բերում նաև ժամանակի, նախագծերի կառավարման և հաղորդակցման հմտություններ: Ուսանողները կարող են ուսումնասիրել ծրագրավորման 10 ոլորտ և 3 փուլ` հիմունքներ, մասնագիտացում և պրակտիկա: Նախագիծը ֆինանսավորում է Եվրոպական միությունը։