17:51 | 26.05.22 | Նորություններ | 2773

    Հայտնի է «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» նախաձեռնության հիմնադիր խորհրդի կազմը

    Մայիսի 13-ին և 23-ին կայացել է «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» ծրագրի խորհրդի հիմնադիր նիստը։

    Նիստում հաստատվել են ծրագրի աշխատակարգը, համագործակցության համաձայնագիրը, հաստատվել համագործակցության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները։

    Նիստի ընթացքում ընտրվել են հիմնադիր խորհրդի ներկա և ապագա նախագահները։ Ներկա նախագահ է ընտրվել Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը, ապագա նախագահ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։

    Հիմնադիր խորհրդում ընդգրկվել են՝

    •    ԱՏՁՄ-ն (գործադիր տնօրեն Հայկ Չոբանյան),
    •    Երևանի պետական համալսարանը (ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյան),
    •    Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ռեկտոր Վարդան Ուռուտյան),
    •    Հայաստանի ամերիկյան համալսարանը (նախագահ Կարին Մարկիդես),
    •    Հայաստանում ֆրանսիական համալսարանը  (ռեկտոր Բերտրան Վենար),
    •    Հայ-ռուսական համալսարանը (ռեկտոր Արմեն Դարբինյան)։

    Խորհրդի նիստերին մասնակցում են նաև ՀՀ փոխվարչապետերի գրասենյակների ներկայացուցիչները։

    Հարթակի մասնակիցները ակտիվ կհամագործակցեն հետեւյալ թիրախային ուղղություններով՝

    •    արհեստական բանականություն,
    •    առաջնորդություն և կառավարում,
    •    տեղական կլաստերների կարողությունների զարգացում,
    •    STEM կրթության խթանում,
    •    նորարարություն։

    Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ստանձնել է ծրագրի քարտուղարությունը։ Նախաձեռնության նպատակն է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար գիտակրթական ծրագրերի իրականացումը, դրանց շրջանակներում գիտակրթական հաստատությունների, տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաև  պետություն մասնավոր երկխոսության զարգացումը։