17:45 | 23.05.22 | Հոդվածներ | exclusive 6259

Kickoff-ը համախմբում է ֆուտբոլասերներին մեկ հարթակում

Kickoff-ը հավելված է, որը համախմբում է աշխարհի տարբեր անկյունների ֆուտբոլասերներին մեկ հարթակում` հնարավորություն տալով իրական ժամանակում քննարկել ֆուտբոլային հանդիպումներն աուդիո սենյակներում։  

Grōksmith-ի պրոդուկտի գլխավոր տնօրեն Բեն Ֆրունջյանի ֆուտբոլի հանդեպ սերը ու COVID-19-ի սահմանափակումները հիմք դարձան Kickoff հավելվածը ստեղծելու համար։

Itel.am-ի հետ զրույցում Բենը պատմել է հավելվածի առանձնահատկությունների ու հնարավորությունների մասին։

«Այն ժամանակ, երբ մարդիկ տներում էին փակված, ուզում էինք ինչ-որ կերպ լրացնել երկրպագուների բացակայությունը մարզադաշտերից։

Ուսումնասիրեցինք ու հասկացանք, որ ֆուտբոլի դեպքում չկա մի հարթակ, որտեղ մարդիկ միասին խաղը դիտեն, էմոցիաներ կիսեն, քննարկումներ ծավալեն եւ այլն։ Իմ եւ երեք ընկերներիս մոտ գաղափար առաջացավ ստեղծել Clubhouse-ի պես հարթակ՝ ֆուտբոլի մասին»,- պատմում է Բենը։

Kickoff-ում հնարավոր է ստեղծել անձնական հաշիվ, հետեւել սիրելի ֆուտբոլային ակումբներին, տեսնել խաղերի ժամանակացույցը, կայացած խաղերի հաշիվները։

Բեն Ֆրունջյանը Բեն Ֆրունջյանը
photo © Kickoff


Յուրաքանչյուր օգտատեր կարող է ստեղծել աուդիո սենյակ, հրավիրել ընկերներին, գեներացնել մեդիա բովանդակություն, սենյակին կցել ֆուտբոլային հանդիպումների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն, ինչպես նաեւ մեկնաբանել դրանք։ Խաղի ավարտից հետո բոլոր մեդիա ֆայլերը հասանելի են բոլորին։   

«Երբ ուսումնասիրում էինք ֆուտբոլային աշխարհում գոյություն ունեցող այլ հավելվածներ, հասկացանք, որ հիմնականում տվյալ հավելվածի մեդիա թիմն է գեներացնում ինֆորմացիան։ Մենք շեշտը դրել ենք համայնքի կողմից գեներացվող քոնթենթի վրա։ Ստեղծողներին փորձում ենք տալ լավ գործիքակազմ որակյալ բովանդակություն ստեղծելու համար, որը հետո վաճառելու հնարավորություն կունենան։ Հարցումներ ու քվեարկություններ անցկացնելու գործառույթ նույնպես կլինի։

Ներկայում հարթակում գրանցված են պրոֆեսիոնալ ֆուտբոլային մեկնաբաններ ու քոնթենթ ստեղծողներ։ Նրանցից մեկը Պարի Սեն-Ժերմենի համայնքի լիդերն է՝ 500 հազար հետեւորդով։ Իսպանիայից Ռեալ Մադրիդի ու Բետիսի երկրպագու ունենք՝ մոտ 50 հազար հետեւորդ ունեցող մեկնաբան, նաեւ կա հայ երիտասարդ մոտ 50 հազար հետեւորդով։ Օգտատերերը հետագայում կարող են ընտրել իրենց սիրելի մեկնաբանի սենյակը ու խաղերը դիտել հենց նրա մեկնաբանությամբ։

photo © Kickoff


Առաջին փուլում քոնթենթ ստեղծողներին նվիրատվությունների տեսքով հնարավոր կլինի աջակցել։ Ուզում ենք մաքսիմալ ազատ ու անվճար հավելված լինի։

Գործառույթների մեծ մասն անվճար է լինելու։ Բիզնես մոդելը ու դրամայնացումը ցանկանում ենք հովանավորությունների ու համագործակցությունների վրա կառուցել»,-նշում է Բենը։

Հավելվածում գործում է նաեւ կարգավորվող ծանուցման համակարգ, սենյակ ստեղծվելու, գոլերի, նկար, վիդեո ավելացնելու, խաղի հիշեցումների մասին եւ այլն։
 
Այս պահին թիրախավորել են անգլախոս եվրոպական շուկան, առաջիկայում նաեւ կներառեն իսպանախոսներին։ iOS հավելվածը հասանելի է թեստավորման համար TestFlight համակարգով, այն թողարկվելու է նաեւ Android-ի համար։

Նունե Գրիգորյան