17:59 | 12.05.22 | Հարցազրույցներ | exclusive 63714

Վադիմ Կոզիրկով. Ցանկանում ենք Հայաստանը տուն դարձնել Grid Dynamics-ի համար

Grid Dynamics-ը նոր ինժեներական գրասենյակ է բացում Երեւանում։ Ավելի քան 100 աշխատակից արդեն իսկ տեղափոխվել է հայաստանյան գրասենյակ:

Հայաստանում ընկերության ծրագրերի եւ տեսլականի մասին Itel.am-ը զրուցել է Grid Dynamics-ի ինժեներական գծով ավագ փոխնախագահ Վադիմ Կոզիրկովի հետ։

Նա միացել է Grid Dynamics-ին 2014 թվականին եւ ունի ավելի քան 20 տարվա տեխնոլոգիական եւ ծրագրերի կառավարման փորձ: Նրա փորձն ընդգրկում է նախագծերի լայն շրջանակ՝ պատվերով մշակված հավելվածներից մինչեւ ավտոմոբիլային եւ տիեզերական խոշոր ERP նախագծեր ԱՄՆ-ում եւ Հարավային Աֆրիկայում:

Grid Dynamics-ը (Nasdaq: GDYN) թվային տեխնոլոգիական ծառայությունների մատակարար է, որն արագացնում է աճը եւ ուժեղացնում մրցակցային առավելությունները Fortune 1000 ընկերությունների համար: Այն տրամադրում է թվային փոխակերպման խորհրդատվական եւ ներդրման ծառայություններ մեծ տվյալների վերլուծության, որոնման, արհեստական բանականության, ամպային միգրացիայի եւ հավելվածների արդիականացման ոլորտում։ Ընկերությունը գործում է 2006 թվականից, գլխամասային գրասենյակը գտնվում է Սիլիկոնյան հովտում, գրասենյակներ ունի ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում եւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում:

- Ե՞րբ եւ ինչպե՞ս առաջին անգամ ծանոթացաք Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգին: Ինչու՞ Հայաստան։

- 2021 թվականի վերջին մեկնարկեցինք մուտքը Հայաստան։ Մենք անընդհատ ընդլայնվում ենք նոր շուկաներում՝ լավագույն տաղանդներ ձեռք բերելու համար:

Մենք չենք գնում էժան աշխատուժ ունեցող երկրներ, մենք գնում ենք լավ աշխատուժ ունեցող երկրներ։ Հայաստանը թեեւ փոքր երկիր է, տասնյակ լավ համալսարաններ ունի։ Կարծում եմ, որ 25-27 բուհ ունենալը մեծ թիվ է 2,5 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար։ Եթե այդքան լավ բուհեր կան, ապա պետք է նաեւ լավ մասնագետներ լինեն:

Դուք ունեք շատ աշխույժ եւ ընդարձակ տեխնոլոգիական կյանք. տեղի են ունենում բազմաթիվ հանդիպումներ, կոնֆերանսներ, վեբինարներ: Շատ ակտիվ եք այս ոլորտում, եւ ես կարծում եմ, որ ձեր կառավարությունը ճիշտ ուշադրություն է դարձնում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը:

photo © Grid Dynamics


Միայն պատերազմի պատճառով չէ, որ գալիս ենք։ Այն դեռ չսկսած նկատել էինք Հայաստանը։ Որոշել էինք մինչ այդ գալ ու ներդրումներ կատարել Հայաստանում։ Մենք արդեն հունվարին եկանք այստեղ, հանդիպեցինք մարդկանց հետ, ծրագրեր կազմեցինք, գրասենյակային տարածք գտանք եւ գրանցվեցինք Հայաստանում։

- Ի՞նչ միտումներ եք տեսնում այստեղ:

- Որպես բավականին փոքր երկիր՝ չեմ կարծում, որ դուք պետք է շեշտը դնեք ոչ թե, օրինակ, ծանր արդյունաբերության, այլ մտքի, մարդկային կապիտալի վրա:

Դուք ունեք հարուստ պատմության, հզոր հայկական սփյուռքի, համալսարանների, գիտաժողովների, ՏՏ ավանդույթների լավ համադրություն: Մեզ համար հետաքրքիրը նաեւ այն է, որ դուք հավասարապես լավ եք տիրապետում եւ՛ ռուսերենին, եւ՛ անգլերենին: Ընկերությունում մենք ունենք բավականին շատ ինժեներներ Արեւելյան Եվրոպայից, եւ ռուսերենը շատերն են օգտագործում, բայց մենք ամերիկյան ընկերություն ենք, ուստի անգլերենը մեր հաղորդակցության առաջին լեզուն է: Բացի այդ, ընկերասեր եք, հեշտ հաղորդակցվող, լավ կլիմա ունեք, կարող եք թռչել Ռուսաստան, Եվրոպա, ամենուր։

- Ի՞նչ ծրագրեր ունի Grid Dynamics-ը Հայաստանում։ Պատմեք ձեր տեսլականի մասին:

- Հայաստանը հետաքրքիր վայր է, մենք շատ ենք ուզում գալ, ներդրումներ անել եւ այն տուն դարձնել մեզ համար: Մենք ներկայություն ունենք բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ից մինչեւ Հնդկաստան, Ուկրաինա, Լեհաստան, Սերբիա, ամբողջ աշխարհում:

photo © Grid Dynamics


Ցանկանում ենք շուկային ցույց տալ, թե ինչ առավելություններ ունի Grid Dynamics-ը:

Մեր բիզնես մոդելն իրական հաճախորդների հետ աշխատելու, նախագծերն իրականացնելու թիմ գտնելն է: Մենք ունենք գերազանց վաճառքներ, տեխնիկական գրասենյակ եւ ուժեղ գիտահետազոտական մաս: Դա նշանակում է, որ մենք իրականում ցանկանում ենք այստեղ բերել մեր գործընթացները, աշխատանքի ընդունել ոչ միայն ինժեներների, այլեւ մենեջերների։ Մենք տեխնոլոգիական մենեջերներին կսովորեցնենք մեր գործընթացները, որպեսզի նրանք կարողանան նախագծեր իրականացնել մեր առաջատար հաճախորդների համար, ինչպիսիք են Apple-ը, Google-ը, Nike-ը, եւ այլն։

- ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները խոստովանում են, որ ոլորտի ամենակարեւոր խնդիրը որակյալ կադրերի պակասն է։ Կարո՞ղ է Grid Dynamics-ը մասնակցել այս խնդրի լուծմանը:

- Այո, դժվարություններ կան։ Մենք կունենանք պրակտիկայի ծրագրեր, կաշխատենք բուհերի հետ եւ նրանց ուսանողներին կբերենք այստեղ եւ կվերապատրաստենք, կանցկացնենք մասնագիտացման դասընթացներ։ Ունենք վեցամսյա ծրագիր, որի համար ընտրում ենք երիտասարդ, հավակնոտ մարդկանց եւ աշխատում նրանց հետ: Նրանց կկցենք արտադրական թիմի հետ, որպեսզի աշխատեն մեր իրական հաճախորդների հետ: Ավարտելով՝ նրանք կունենան տեսական եւ գործնական փորձառություն եւ հիմնականում պատրաստ կլինեն դառնալ թիմի անդամ։

photo © Grid Dynamics


Նաեւ կընդունենք նրանց, ովքեր ունեն ինժեներական կրթություն եւ ցանկանում են միանալ մեզ: Լեհաստանում մի աշխատակից ունենք, ով աշխատել է NASA-ում եւ մշակել է մի սարք, որը դեռ թռչում է Միջազգային տիեզերակայանում: Բայց նա որոշել է մտնել ՏՏ ոլորտ եւ եկել է մեզ մոտ, անցել ծրագրով եւ հիմա նա մեր լավագույն ինժեներներից մեկն է է։

- Ձեր թիմից քանի՞ հոգի է եկել այստեղ:

- Հարյուրից ավել եւ շատ կզարմանամ, եթե առաջիկա մի քանի ամիսների ընթացքում եւս մի քանի հարյուրը չունենանք։

- Ի՞նչ որակներ եւ արժեքներ են պարտադիր այն մարդկանց, ովքեր ցանկանում են աշխատել Grid Dynamics-ում:

- Նախ` նրանք պետք է լավագույնը լինեն իրենց գործում: Ոչ պակաս կարեւորը մշակույթն է: Մենք փնտրում ենք մարդկանց, ովքեր ցանկանում են գալ եւ կարիերա անել մեզ մոտ: Կան մարդիկ, որոնք կարող են փոխել աշխատավայրը, եթե նրանց 200 դոլար ավել աշխատավարձ առաջարկեն:

photo © Grid Dynamics


Եվ կան մարդիկ, ովքեր ցանկանում են կարիերա անել, ցանկանում են իսկապես թիմի մի մասը դառնալ: Մենք այնպիսի մարդկանց ենք փնտրում, ովքեր տարիներ շարունակ կմնան մեզ հետ։ Շատ կարեւոր են նաեւ վառվող աչքերը, երբ մարդը ցանկանում է ինչ-որ բան փոխել։

- Ձեր խորհուրդը սկսնակներին, երիտասարդներին հաջողության հասնելու համար:

- Ես տարիքով մարդ եմ, ուստի կարող եմ խորհուրդ տալ որպես պապիկ։ Նրանք չպետք է մտածեն մեկ օրվա համար, այլ պետք է կառուցեն իրենց ծրագրերը 5 տարի առաջ նայելով։ Նրանցից շատերը մի տեղից մյուսն են ցատկում, որովհետեւ ինչ-որ մեկը նրանց 200 դոլար ավել կտա։ Դա սխալ է, նրանք նախ պետք է պրոֆեսիոնալ դառնան: Ընտրեք մի ընկերություն, որտեղ կարող եք կարիերա կառուցել:

Վադիմ Կոզիրկովի հետ զրուցել է Նունե Գրիգորյանը