09:08 | 16.04.22 | Նորություններ | 1683

Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում

ԵՊՀ-ում կայացել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ինֆորմացիոն կենտրոնի բացումը եւ ականավոր գիտնական Յուրի Հովհաննիսյանին ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը:

«Այսօր մեզ համար իրապես պատվավոր օր է, քանի որ ԵՊՀ-ում է աշխարհահռչակ գիտնական Յուրի Հովհաննիսյանը, ում պատվին անվանակոչված է Մենդելեեւի աղյուսակի 118-րդ տարրը: Մենք միշտ ընդգծել ենք գիտնականի դերի կարեւորությունը, եւ այսօր էլ, ի դեմս Յուրի Հովհաննիսյանի, եւս մեկ անգամ ընդգծում ենք՝ գիտնականը հասարակության էլիտան է», - ասել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:  

Արարողության ընթացքում ԵՊՀ-ի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի եւ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջեւ եռակողմ համաձայնագիր կնքվեց ՝ համաձայն որի ԵՊՀ-ում բացվելու է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ինֆորմացիոն կենտրոն:

photo © ԵՊՀ


‹‹ԵՊՀ-ն երկար տարիներ շատ ակտիվ համագործակցություն է ունեցել Դուբնայի գիտահետազոտական կենտրոնի հետ: Ֆիզիկայի տարբեր ճյուղերի հետազոտողներ պարբերաբար այցելում են Դուբնա, մասնակից դառնում կատարվող աշխատանքներին եւ նպաստում համագործակցության ամրապնդմանը», - ասել է  
Հովհաննես Հովհաննիսյանը:  

Ապրիլի 15-ին Յուրի Հովհաննիսյանին եւ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովին հյուրընկալել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: