15:30 | 13.04.22 | Նորություններ | 1132

Երևանում կանցկացվի Unicorn ստեղծելու թեմայով սեմինար

Ապրիլի 14-ին Երեւանում կանցկացվի «Մեծացնելով միաեղջյուր. իրավական և բիզնես գործիքներ հաջողակ ձեռներեցների համար» (Raising a Unicorn: Legal and Business Tools for Successful Entrepreneurs) թեմայով սեմինար Latham & Watkins իրավաբանական ընկերության ներկայացուցիչներ Ալեքս Վոքսմանի և Էդուարդ Գրիգորյանի մասնակցությամբ։

Սեմինարին կներկայացվեն յունիքորն ընկերության ստեղծման բիզնես և իրավական առանձնահատկությունները՝ ձևավորումից մինչև գործարկում։ Բացի այդ, IntelinAir ընկերության համահիմնադիր և հրեշտակ ներդրող (angel investor) Ալ Եսայանը կներկայացնի մի քանի բիզնես խորհուրդներ և կկիսվի հաջողակ բիզնեսներ կառուցելու իր փորձով:

Սեմինարից հետո կկազմակերպվի հարց ու պատասխան և ոչ ֆորմալ շփում ներկաների հետ։

Իրավաբանների նպատակն է մշակել պատրաստի փաթեթ հատուկ հայկական ստարտափների համար, որը կօգնի վերջիններիս գտնել ֆինանսավորման հեշտ և արագ ուղիներ՝ միաժամանակ արդյունավետ տնօրինելով ծախսերը։

Սեմինարի աշխատանքային լեզուն անգլերենն է։ Միջոցառմանն անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ։

Նշենք, որ Latham & Watkins ընկերությունն ունի 3000-ից ավել փաստաբաններ և 28 գրասենյակներ ամբողջ աշխարհում։  Փաստաբաններ Էդուարդ Գրիգորյանը և Ալեքս Վոքսմանն ԱՄՆ-ում և միջազգային շուկայում ներկայացնում են մի շարք հաճախորդների, որոնց թվում են թե ընկերություններ, թե առաջատար վենչուրային հիմնադրամներ։ Նրանք աջակցում են ընկերություններին կորպորատիվ զարգացման բոլոր փուլերում։

Միջոցառման համակազմակերպիչ է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։