10:54 | 13.04.22 | Նորություններ | 1360
Հայկական CoinStats-ը, որը կրիպտո ներդրումների կառավարման հավելված է և DeFi դրամապանակ, ներգրավել է $3․2 միլիոն ներդրում։
Գլխավոր ներդրողն է Ալեքս Փեքը Hack VC վենչուրային ֆոնդից։ Ներդրողների շարքում է նաև 6th Man Ventures-ի հիմնադիր Մայք Դուդասը:
Միջոցները կուղղվեն ապակենտրոնացված ֆինանսների (DeFi-ի) համակարգում ընկերության գործունեության ընդլայնմանն ու DeFi-ը հավելվածի 1.2 միլիոն ակտիվ օգտատերերի համար հասանելի դարձնելուն։ Ապակենտրոնացված ֆինանսները բլոքչեյնի վրա աշխատող ֆինանսական ծառայությունների խումբ է, որը թույլ է տալիս ֆինանսական օպերացիաներ կատարել առանց միջնորդի՝ ապահով, վստահելի ու բոլորին հասանելի կերպով։
«Այս ներդրման շնորհիվ մենք կարագացնենք մեր ստարտափի աճն ու զարգացումը՝ ստեղծելով էլ ավելի լավ ֆինանսական գործիքներ մեր օգտատերերի համար։ Անչափ կարևորում եմ մեր ներդրողների աջակցությունը, նրանց հավատը CoinStats-ի տեսլականին մեզ մղում է դեպի նոր նվաճումներ», - ասել է CoinStats-ի հիմնադիր տնօրեն Նարեկ Գևորգյանը։
«Հպարտ ենք աջակցել CoinStats-ին՝ կրիպտո պորտֆելի կառավարման ամենամեծ հավելվածին աշխարհում», - մեկնաբանել է Ալեքս Փեքը՝ Hack VC-ի հիմնադիրը:
CoinStats-ի նորամուծությունները թույլ կտան օգտատերերին իրենց կրիպտո ներդրումներից եկամուտ ստանալ։ Այս գործառույթը ավանդական ֆինանսական կառույցներում գործող ավանդների կրիպտո համարժեքն է։
2021-ին ընկերության օգտատերերի քանակն աճեց 8 անգամ՝ հասնելով ամսական 1․2 միլիոն ակտիվ օգտատերերի։
2017 թվականին հիմնադրված CoinStats-ը կրիպտո ներդրումային պորտֆելի կառավարման անվճար հավելված և DeFi դրամապանակ է, որի շնորհիվ ամեն ամիս 1․2 միլիոն ակտիվ օգտատերեր իրական ժամանակում հետևում են իրենց կրիպտո, DeFi և NFT ակտիվներին։
Օգտատերերը կարող են հավելվածին կցել ավելի քան 300 բորսաներ ու դրամապանակներ և կառավարել իրենց ներդրումները մեկ տեղից: Այս պահին հավելվածի միջոցով կառավարվում է ավելի քան 500 միլիարդ դոլար արժողությամբ կրիպտո։ CoinStats-ը 6 անգամ ավելացրել է իր 2021 թվականի եկամուտը և 2022-ին սկսել է DeFi-ի ոլորտում նոր գործիքների ստեղծմանը: