12:32 | 04.04.22 | Նորություններ | 13196

Երեւանում կկայանա Orion Summit 2022 ՏՏ գագաթնաժողովը

Հունիսի 27-ին Երեւանում առաջին անգամ կանցկացվի Orion Summit 2022 միջազգային ՏՏ գագաթնաժողովը՝ Orion Worldwide Innovations-ի նախաձեռնությամբ։

Միջոցառումը կհամախմբի ապագա unicorn ընկերությունների հիմնադիրներին, որոնք կներկայացնեն իրենց հաջողության պատմությունը։ Կքննարկվի նաեւ միաձուլումների եւ ձեռքբերումների (M&A) թեման։   

Գաղաթնաժողովի ժամանակ կհայտարարվի նաեւ Digital Julfa Network-ի (Թվային Ջուղա ցանցի) մասին։

«Նոր Ջուղայի հայ վաճառականների 300-ամյա հզոր ցանցն առեւտրային կարեւոր ուղղություն էր Հնդկական օվկիանոսից մինչեւ Միջերկրական ծով: Այժմ, որպես նորարարության համաշխարհային մակարդակի էվոլյուցիա, մենք ստեղծում ենք Digital Julfa ցանցը, որը կհամախմբի տեխնոլոգիական, ֆինանսական, գործարար, իրավական ու մշակութային հայկական ներուժը»,- նշել է «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր տնօրեն, «BAJ Accelerator»-ի համահիմնադիր Էմմա Առաքելյանը։

«Միջոցառման կազմակերպմանը կարող են միանալ տեխնոլոգիական, բանկային եւ այլ ոլորտների ընկերություններ՝ առաջարկելով բանախոսներ, հովանավորչական փաթեթներ, մասնակցել աշխատանքի տոնավաճառին»,- նշել է «Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը:

«Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում եւ Երեւանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների եւ ներդրողների ցանցերի հետ։