12:55 | 01.04.22 | Նորություններ | 1541

E3 2022 խաղային ցուցահանդեսը չեղարկվել է

E3 2022 (Electronic Entertainment Expo 2022) տեսախաղերի կոնֆերանսը պաշտոնապես չեղարկվել է: Այդ մասին առաջինն իր թվիթերյան էջում հայտնել է Razer-ի PR մենեջեր Ուիլ Փաուերսը, ինչն ավելի ուշ հաստատել են IGN-ը և լրագրողները։

Ամենամյա ցուցահանդեսի ավանդական «ֆիզիկական» ձևաչափից կազմակերպիչները հրաժարվել էին դեռևս ս.թ. հունվարին Covid-19-ի համավարակի պատճառով, այժմ այն չի կայանա նույնիսկ առցանց ձևաչափով։



IGN-ի տվյալներով, E3 2022-ի անցկացման վերաբերյալ բանակցությունները բավականին բարդ են ընթացել, վիդեո խաղեր արտադրող ընկերությունները ոչ մի կերպ չեն կարողացել հստակ տեղեկատվություն ստանալ դրա անցկացման վերաբերյալ կազմակերպչից՝ Վիդեո խաղերի մշակման ասոցիացիայից (ESA)։

Առանձին հաղորդագրությամբ էլ ESA-ից հայտնել են, որ ցանկանում են իրենց ժամանակն ու ջանքերն ուղղել E3 2023-ի կազմակերպմանը, որը կկայանա ամբողջապես նոր ձևաչափով՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ առցանց։

Վերջին տարիներին E3-ի ճակատագրի վերաբերյալ մեծ կասկածներ կան, քանի որ համավարակը շարունակում է իր ազդեցությունն ունենալ օֆլայն միջոցառումների վրա, իսկ առցանց ձևաչափի վերաբերյալ քննադատությունները շատ են։

Համաճարակի մտահոգություններից բացի, տեսախաղերի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերությունները գնալով ավելի շատ են դուրս գալիս E3-ից՝ հօգուտ սեփական առցանց միջոցառումների անցկացման, ինչպիսիք են Nintendo's Direct-ի ցուցադրությունները, EA Play Live-ը և Sony's State of Play-ը:

E3 2022-ի չեղարկման մասին պաշտոնական հաստատումից անմիջապես հետո The Game Award-ի պրոդյուսեր և լրագրող Ջեֆ Քեյլը հայտարարել է, որ Summer Game Fest-ը կկայանա ս.թ. հունիսին․



Electronic Entertainment Expo-ն անցկացվում էր ամեն տարի հունիսին՝ 1995թ․-ից սկսած, սակայն 2020-ին առաջին անգամ համավարակի պատճառով չեղարկել էր, E3 2021-ն էլ միայն առցանց էր կայացել, որին հրաժարվել էին մասնակցել Sony և Electronic Arts ընկերությունները: