18:01 | 21.01.22 | Նորություններ | 2362

Հունվարի 31-ին Երեւանում քննարկելու են ԱԲ հեռանկարները

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հովանու ներքո hունվարի 31-ին կանցկացնի «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում: Կրթությունն  առանցքում» համաժողովը:

Համաժողովը կմեկնարկի hունվարի 31-ին՝ ժամը 13:30-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում:

Համաժողովի ընթացքում զեկույցների եւ քննարկումների թեմաներն են.

Արհեստական բանականության ներկան և ապագան Հայաստանում. զարգացման հնարավորություններ, ծրագրեր և մարտահրավերներ: Պետություն-մասնավոր գործընկերություն:

Արհեստական բանականության ոլորտում կրթության հզորացումը: Նորարարական կրթական ծրագրեր և մոդելներ «Ներկա կրթություն - ապագա աշխատուժ» համատեքստում:

«Նախաձեռնության նպատակն է միավորել և համախմբել արհեստական բանականության ոլորտում գործող տեղական ՏՏ կազմակերպություններին, պետական կառավարման համակարգի մարմիններին և կրթական հաստատություններին թեմատիկ պլենար երկխոսության ու փորձի փոխանակման մեկ հարթակում։ Համաժողովի ընթացքում ծավալված քննարկումները հրաշալի հնարավորություն կընձեռեն կիսվելու ձեռք բերված հաջողություններով, ապագային միտված տեսլականով և հիմք կհանդիսանան փոխադարձ համագործակցության համար», - ասված է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Համաժողովի մասնակիցների թվում են` FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, «ԵրեվանԷն» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Հրանտ Խաչատրյանը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը: